Հասարակություն

Իրական պատերազմ. «Ռադիոլուրի» հերոսը հիշում է ապրիլը


Համեստ, ինտելեկտուալ, լայն աշխարհայացքով. «Ռադիոլուր»-ի հյուրը 20-ամյա Կարոտիկ Գալստյանն է: Նա 2015-2017 թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում՝  Հակաօդային պաշտպանության զորքերում: Զորացրվել է այս տարվա հունվարին:  Այսօր՝ ապրիլյան պատերազմի տարելիցին, նա որոշ դրվագներ է հիշում ծառայության օրերից:

Կարոտիկ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հիշում է, թե ինչպես մեկ տարի առաջ  նույն այս  ժամերին  առաջին անգամ դեմ հանդիման կանգնեցին իրական պատերազմին:

Հասկացան՝ այն, ինչ միայն գրքերում էին կարդացել, այժմ  իրականում են տեսնում: Սկզբում ամեն ինչ ֆիլմի նման էր՝ թվում էր  հրավառություն է երկնքում, հետո ՝ ավելի լրջացան ու  ֆիլմի դրվագները  իրական կյանք տեղափոխվեցին:

Ամեն ինչ  ավելի քան իրական էր՝ պատերազմ էր:  Ստացած գիտելիքները  գործնականում կիրառելու ժամանակն էր: Նույնիսկ այդ պահին էին  իրար համոզում, որ հեռվից լսվողը   ոչ թե արկերի, այլ՝ ամպերի որոտն է, սակայն իրականությունը  բոլորովին այլ էր:18 տարեկան երիտասարդները օրեր շարունակ  Արցախի երկնքում  «լուսային շոուի» ականատես եղան, այսօր՝ արդեն քաղաքացիական կյանքում հնարավոր չէ ջնջել ապրիլյան պատերազմի օրերի և ոչ մի դրվագ:

Զինվորականի ճշտապահությամբ, արտահայտություններում շատ զգույշ՝  զրուցակիցս, պատերազմի օրերից  շատ մանրամասներ չի պատմում: Միայն ասում է, որ մարտական առաջադրանք կատարելիս կապի միջոցը ռադիոն էր, ինֆորմացիա ստանում էին ռադիոյի միջոցով:

Համեստորեն լռում է, ավելին, նշում, որ իրենք հեռվից են հսկել հայրենի օդային տարածքը: Հարցին, թե երբ ավարտեց պատերազմը, երիտասարդ զրուցակիցս հասուն պատասխան է տալիս:

«Ես չեմ մասնակցել պատերազմին»,- ասում է Կարոտիկը, նշում, որ մասնակցել են այն տղաները, ովքեր  առաջին գծում են կռվել, նաև հավելում է՝ իսկական կռվողները դրանով չեն պարծենում:

«Պատերազմը վատ բան է»՝ ասում է, սակայն  վատ բանի մեջ էլ դրականն է տեսնում Կարոտիկ Գալստյանը:

Ամերիկյան համալսարանում  բիզնես կառավարում մասնագիտության մեջ հմտացող զրուցակիցս երազանք ունի՝ դառնալ ռեժիսոր ու համաշխարհային էկրան բարձրացնել  Արցախյան պատերազմի դրվագները:

Ցուցադրել ավելի
Back to top button