Հասարակություն

Ի՞նչ դաս քաղեց հայկական կողմը պատերազմից. «Ռադիոլուր»-ի զրույցը Կամավոր Խաչատրյանի հետ


Ապրիլյան պատերազմի դասերի, բացթողումների, շտկումների և այլ հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի հետ: 

Պատերազմներն իրենցից լավ բան չեն ենթադրում, պատերազմի ժամանակ շատ կորուստներ են լինում, պատերազմը արհավիրք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ բոլոր ժողովուրդների համար: Ցավոք, պատերազմական ժամանակահատվածում ձեռք բերված փորձը մի քանի անգամ ավել է, քան այն, երբ խաղաղ ժամանակ դու պատրաստվում ես: Մենք վերջին տարիներին ձեռք բերած մեր կարողությունները, հմտությունները կիրառեցինք, և ընթացքում հասկացանք, որ կան խնդիրներ, որոնք չեն հաշվարկվել կամ սխալ են հաշվարկվել:

Օրինակ՝ առաջինը հենց վերաբերում է վիրավորների տարհանմանը: Այն տեղի էր ունենում «դեպի ինձ» սկզբունքով, որը սովետական մոդել է և հիմա օգտագործվում է ՌԴ-ի կողմից:

«Դեպի ինձ» սկզբունքը հիվանդների փուլային տարհանումն է՝ վիրավորին հանում ես մեկ-երկու կիլոմետր, հատուկ կահավորված տեղերում առաջին բուժօգնությունը ցույց են տալիս, սպասում են մինչև մեքենա կգա և հոսպիտալ կտանի: Մինչև պատերազմը մենք գիտեինք, որ այն սկզբունքը, որը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում, մեր համար կիրառելի չէ, մեր համար պետք է այլ եղանակ մշակվի:

Առաջին օրը փորձեցինք անել ռուսական մոդելով, զգացինք, որ ժամանակի ծախսը շատ է, միանգամից անցանք մեր մշակած մոդելին: Արդյունքում մենք ունեցանք «ոսկյա» մեկ ժամի պահպանման հնարավորություն: Բոլոր վիրավորները մեկ ժամվա մեջ կամ ավելի արագ եղել են հոսպիտալներում: Ավելին ասեմ՝ պատերազմից մեկ տարի առաջ Մարտակերտի և Մեխակավանի ուղղությունների վրա կահավորված մեքենաներ ենք տրամադրել:

Մինչև ապրիլյան օրերը, եթե խոսքը վերաբերում է ռազմաբժշկական ծառայությանը, մենք արդեն պատրաստ էինք մարտական գործողություններին: Երկար տարիներ պատրաստվել ենք պատերազմներին: Ապրիլին, երբ հանկարծակի սկսվեց պատերազմը, այնպես չէ, որ մենք պատրաստ չէինք, կամ մենք չէինք սպասում:

Վերջին 25 տարվա մեջ ամեն օր մեզ համար պատերազմ է և ամեն օր էլ հնարավոր էր, որ լայն ծավալով պատերազմական գործողությունները սկսվեին: Մեզանից, ընդհանրապես զինված ուժերից, պահանջվում էր մարտական պատրաստությունը հասցնել այնպիսի վիճակի, որ ցանկացած իրավիճակում կարողանանք մեր խնդիրները լուծել:

Ռազմաբժշկական վարչությունը մինչև ապրիլ տարաբնույթ պարապմունքներով, զորավարժություններով, բոլոր առումներով պատրաստ է եղել իր խնդիրը լուծելու՝ ոչ միայն հիվանդների տարհանման, բուժման, այլ նաև վիրավորների համար նախատեսված միջոցների կուտակմամբ և դրանց կիրառումը ճիշտ կազմակերպելու ուղղությամբ: Ըստ մնացած պատերազմների փորձի ուսումնասիրության և ըստ ռազմաբժշկական գրականության՝ պաշտպանողական մարտի ժամանակ արդի զենքերի կիրառման պայմաններում բանակը 8-12 տոկոս վիրավոր է ունենում:

Մեր ունեցած վիրավորների թվաքանակը մոտավորապես եղել է 3-4 տոկոս, որից մոտ 1-2 տոկոսն է եղել ծանր կամ ծայրահեղ ծանր: Մենք ունեցել ենք բավականին քիչ վիրավորներ, որը պայմանավորված է զորքերի կիրառման հմտություններով և զինվորի պատրաստվածությամբ: Այսինքն՝ զինվորը գիտակցել է, թե ոնց պետք է պաշտպանվի, խնդիրը լուծի, որպեսզի ինքը չխոցվի: Մեր ունեցած վիրավորների ողջ թվաքանակը, ովքեր հասցվել են հոսպիտալներ, կարելի է ասել, մահ չենք տվել: Կարելի է ասել՝ 100 տոկոս է: Ընդհանուր առմամբ՝ 2-3 մահ ենք ունեցել, որի դեպքում եղել է համակցված վիրավորում, երբ ամեն ինչ արել ենք, բայց սիրտն էլ է խոցված եղել: Մենք միայն այդ դեպքն ենք ունեցել:

Ցուցադրել ավելի
Back to top button