

ԱԺ ընտրությունների անցկացման համար ձևավորված 2009 հանձնաժողովներից 1997-ում առավոտյան ժամը 8.00-ին քվերակությունը մեկնարկել է՝ հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 12 տեղամաս ձևավորվել է քրեակատարողական հիմնարկներում. այնտեղ քվեարկությունը կսկսվի ավելի ուշ:
Մուկուչյանի փոխանցմամբ՝ Լոռու մարզի երկու տեղամասում արձանագրվել է տեխնիկական սարքավորումների խափանում: Քվեարկությունը շարունակվում է առանց էլեկտրոնային համակարգի: 2017թ. ընտրությունները, հիշեցնենք, առաջին անգամ անցկացվում են գրանցման էլեկտրոնային համակրագով, տեխնիկական սարքավորումների միջոցով:
Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվում են նաև միայն համամասնական ընտրակարգով: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ԿԸՀ է ներկայացրել մեկ համապետական և 13 տարածքային ցուցակ: 9 քաղաքական ուժի համապետական և տարածքային ցուցակներով առաջադրվել է 1539 թեկնածու, նրանցից 1191-ը՝ ռեյտինգային ընտրակարգով:
Ըստ Ոստիկանության՝ ապրիլի 1-ին հրապարակած տվյալների՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.564.195 է: Նրանցից հաշվառում չունի 915-ը, ստացիոնար բուժում է ստանում 2001-ը:
Հանրապետության սահմաններից դուրս քվեարկություն նախատեսված չէ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները: էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է մարտի 24-ին` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվել մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
6-րդ գումարման ԱԺ ընտրությունների ընթացքը դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության ավելի քան 28 հազար դիտորդ: Դիտորդական առաքելություն իրականցնելու է նաև 650 դիտորդ միջազգային կառույցներից՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:
ԿԸՀ-ում հավատարմագրվել են նաև 89 տեղական և 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:
2009 տեղամասերից ավելի քան 1500 տեղամասերում, որն ընդգրկում է ընտրողների 93 տոկոսը, իրականացվելու է առցանց ուղիղ հեռարձակում: Քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը տեսագրվելու և հասանելի է լինելու համացանցում: