ԿարևորՔաղաքական

Այսօր Հայաստանում Ազգային Ժողովի ընտրություններ են

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝  5 կուսակցություն և 4 դաշինք. «Հանրապետական», «Դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», կոմունիստական կուսակցություններն ու «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «ԵԼՔ» դաշինքները: Խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն ընտրողների ձայների 5, իսկ դաշինքները՝ 7 %-ի սահմանագիծը:

Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով: Քաղաքական ուժերից  յուրաքանչյուրը ԿԸՀ է ներկայացրել մեկ համապետական և 13 տարածքային ցուցակ:  9 քաղաքական ուժի  համապետական և տարածքային ցուցակներով  առաջադրվել է 1539 թեկնածու, նրանցից 1191-ը՝ ռեյտինգային ընտրակարգով:

Ըստ Ոստիկանության՝ ապրիլի 1-ին հրապարակած տվյալների՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը  2.564.195 է: Նրանցից հաշվառում չունի  915-ը,  ստացիոնար բուժում է ստանում 2001-ը:

Ապրիլի 2-ին ժամը 8.00-ից  մինչեւ 20.00-ը  հանրապետության տարածքում գործելու է 2009 ընտրատեղամաս:    Հանրապետության սահմաններից դուրս քվեարկություն նախատեսված չէ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները: էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել  է մարտի 24-ին` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվել մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

6-րդ գումարման ԱԺ ընտրությունների ընթացքը  դիտարկելու համար  Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության ավելի քան 28 հազար դիտորդ: Դիտորդական առաքելություն իրականցնելու է նաև  650 դիտորդ միջազգային կառույցներից՝  ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ,  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:

ԿԸՀ-ում հավատարմագրվել են նաև 89 տեղական և 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:

2009 տեղամասերից ավելի քան 1500 տեղամասերում, որն ընդգրկում է ընտրողների 93 տոկոսը, իրականացվելու է առցանց ուղիղ հեռարձակում: Քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը տեսագրվելու և հասանելի է լինելու համացանցում:

Ցուցադրել ավելի
Back to top button