Տնտեսական

Ռազմական գործողությունների հասցրած վնասի զգալի մասը վերականգնված է. Արայիկ Հարությունյան

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Մեկ տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1- ի լույս 2- ի գիշերը հակառակորդը գրոհեց Արցախի պաշտպանական գծի վրա: Ռազմական գործողությունները որքան սպասելի, այնքան էլ անսպասելի էին: Թիրախում  խաղաղ բնակավայրերն էին: Առաջին անգամ հրետակոծության տակ հայտնվեցին ոչ միայն ռազմաճակատը, այլեւ խորքում գտնվող բնակավայրերը, ենթակառուցվածքները: Արցախի իշխանությունների խնդիր ոչ միայն ռազմական գործողություններում հաջողության հասնելն էր, այլեւ թիկունքի  կազմակերպումն ու նման դեպքերում ամենաաղետաբեր՝ խուճապի բացառումը: Իսկ կարճատեւ պատերազմից հետո Արցախում սկսվեցին դրա հետեւանքների վերացման աշխատանքները:

Թիկունքում ապրիլյան օրերի տրամադրություն ավելի շատ տագնապ, քան թե խուճապ բառով կարելի է բնութագրել: Խուճապը բացառվեց բնակչության համար անտեսանելի  քայլերի շնորհիվ։ Այդ օրերին Ստեփանակերտում եւ մյուս բնակավայրերում բնականոն կյանքը խաթարվեց, բայց կանգ չառավ: Այնտեղ, որտեղ  հրետակոծության վտանգը չկար, դպրոցներում շարունակվում էին պարապմունքները: Նույնիսկ անտեսելով օդային հարձակման վտանգը՝ Ստեփանակերտում եւ մյուս բնակավայրերում գոնե մեկ ժամով էլեկտրամատակարարումը չդադարեցվեց։

Օգտագործելով հրետակոծությունների միջեւ ընկած դադարները՝ էլեկտրական ու գազամատակարարման գծերը վերականգնվում էին նույնիսկ հրետակոծվող բնակավայրերում: Մարտակերտում, Մարտունում, Հադրութում ռազմական գործողություններից մի քանի կմ հեռավորության վրա հացի փուռերից ամեն օր տաք հացի բուրմունք էր տարածվում, մայրաքաղաքում ոչ մի  ծառայություն չդադարեց գործել, խանութներում պարենի պակասուրդ կամ գների բարձրացում չեղավ, չդադարեց գործել տրանսպորտային կապը հանրապետության ներսում եւ դեպի դուրս, մարդիկ ժամանակին ստացան աշխատավարձերը, թոշակները: Այս ամենի հետեւում ահռելի կազմակերպական աշխատանք կար եւ օպերատիվ արձագանքման լծակներ էին գործադրվում՝ կառավարությունում ստեղծված շտաբի միջոցով: Սակայն ասել, թե Արցախի տնտեսությունը ապրիլյան պատերազմը հաղթահարեց առանց վնասների, սխալ կլիներ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այսօր արդեն  ռազմական գործողությունների հասցրած վնասի զգալի մասը  վերականգնված է: Արցախում 2016 թվականը փակել են մոտ տասը տոկոս տնտեսական աճով։ Սա այն դեպքում, երբ  ռազմական գործողությունների թեժացման պատճառով բարդ իրավիճակում հայտնված մանր ու միջին ընկերություններին, տրանսպորտային եւ սպասարկման ոլորտին կառավարությունը ստիպված էր ընդառաջել հարկային բեռը համարյա կրկնակի թեթեւացնելով, իսկ տարեվերջին նաեւ հնարվորություն  տալով չկատարած պարտավորությունները առանց տույժ ու տուգանքների մարել 2017 թվականին։ Այս քայլերի ընթացքում պետական բյուջեն կորցրեց մոտ երեք միլիարդ դրամ, սակայն կառավարությունում այս փուլում կարեւորը ՓՄՁ կենսունակությունը պահպանելն են համարել:

Արցախի տնտեսական ներուժի պահպանման հարցում կառավարության ղեկավարը ընդգծում է Սփյուռքի դերը։ Ներդրողները ոչ միայն թեւ ու թիկունք կանգնեցին մարտնչող բանակին, այլեւ չդադարեցրին  սկսված  տնտեսական ծրագրերի ֆինանսավորումը:

2017թվականին Արցախում պետական միջոցների բաշխման ընթացքում հաշվի են առել նախորդ տարվա դասերը: Ինչպես արտաբյուջետային, այնպես էլ բյուջետային ծախսերի  զգալի մասն ուղղված է պաշտպանական խնդիրներին: Առաջնագծի  ինժեներական կահավորման համար պետական բյուջեից հատուկ մեկ միլիարդ դրամ հավելյալ գումար է հատկացվել քաղաքաշինության նախարարությանը:

Այսօր  ինժեներական ու քաղաքաշինական աշխատանքներ են ընթանում ողջ առաջնագծում եւ վերականգնվող Թալիշում: Կառավարության միջամտությամբ՝ հարկային արտոնություններ սահմանվեցին բանկերի համար, որպեսզի վերջիններս ներեն ապրիլյան պատերազմի զոհերի վարկերը:

Վերջին քայլը, որ կատարեց Արցախի կառավարությունը, հասցեագրված էր արցախյան պատերազմի բոլոր տարիների առաջին եւ երկրորդ կարգի զինհաշմանդամներին։ Նրանց կոմունալ ծախսերի մի մասը փոխհատուցվելու է  պետական բյուջեից։

 

Ցուցադրել ավելի
Back to top button