ԿարևորՔաղաքական

Բաքում չի հանդգնի կրկնել ապրիլը. պաշտպանության նախկին նախարարը հակադարձում է բրիտանացի փորձագետին

Ապրիլը հիշեցնում է  նախորդ տարվա մարտական գործողությունների մասին ու հարցադրում է հնչում, թե որքանով է հավանական մարտական գործողությունների կրկնությունը:

 

Այն, ինչ կատարվում է այսօր ղարաբաղյան խնդրում՝ համանախագահների հայտարարություններից մինչև սահմանագոտում իրավիճակ, տրամաբանական շարունակությունն է նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների՝ ասում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, թե ինչպես, հայկական մարտունակ բանակի հզոր դիմակայությանը հանդիպելով, հակառակորդն ստիպված եղավ ընդունել Վիեննայում նախանշված՝ հետաքննության մեխանիզմների ներդրման, դիտորդների թվաքանակի ավելացման և ուժի չկիրառման պայմանները, սակայն հասնելով Բաքու Ալիևը հրաժարվեց հանձնառությանից: Ու այդ անվստահելի երկրի նախագահն այժմ էլ փորձում է խաբեությամբ նախ տարածքներից թեկուզ մեկ-երկուսն ստանալ: Գաղտնիք չէ մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը, այն ենթադրում է կարգավիճակ տարածքների դիմաց և հենց դրա իրագործման հերթականությունն է վիճելի Բաքվի համար։

Ապրիլ ամսվա սկիզբը բնականաբար հիշեցնում է  նախորդ տարվա քառօրյա ռազմական գործողությունների մասին: Միջազգային փորձագետները վերջերս անընդհատ կրկնում են, որ այսօր չպետք է քննարկել հարցը, թե կլինի՞ արդյոք ապրիլյանի նման լարվածություն, այլ պետք է  փորձել հասկանալ, թե երբ դա տեղի կունենա:

Բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող, Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը նշում է, որ  2016-ը վտանգավոր էր ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ու չի բացառվում, որ ընթացիկ տարին ավելի վտանգավոր լինի շփման գծում՝ ավելի ծանր սպառազինության կիրառման հնարավորության առումով: «Չի բացառվում, որ այս տարին կարող է ավելի լարված լինել, քան՝ նախորդը և տվյալ դեպքում դիվանագիտությանն այլընտրանք չկա»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համամիտ չէ հնչած կարծիքի հետ։ Նա այլ մոտեցում ունի այս հարցում՝ Բաքուն չի հանդգնի կրկնել ապրիլյան գործողությունները, քանի որ հասկանում է՝ կրկին հուժկու ապտակ կստանա: Նա իհարկե նկատում է  նաև, որ այսօր խաղաղության պայմանագիր գոյություն չունի, ինչը նշանակում է թե  չպետք է բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները:

Բաքուն այսօր չունի պատերազմելու ներուժ և ամենևին չի ցանկանում մարտական գործողություններ։ Այլ բան է, որ Ադրբեջանին մարտական գործողությունների է դրդում Թուրքիան՝ կարծում է պաշտպանության նախկին նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button