Մշակույթ

Անհայտ գանձ՝ մայրաքաղաքի սրտում (ֆոտոշարք)

Հայազգի նկարիչ, հողարվեստի հիմնադիր, գորգագետ Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները վերջերս Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնական ցուցադրությունում գտան իրենց պատը՝ «շնորհիվ» ԱՄՆ-ի նախագահ Դոնադ Թրամփի: Մարկոս Գրիգորյանի անունը Հայաստանում  հայտնի դարձավ 1993-ին, երբ հայրենիքին նվիրաբերեց իր մասնավոր հավաքածուն: Այն այսօր ներկայացվում է Գրականության և արվեստի թանգարանի տարածքում տեղակայված Միջին Արևելքի արվեստի թանգարանում: Գրեթե անհայտ մի գոհար՝ Հանրապետության հրապարակի «սրտում»:

 

«Երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանից ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ պետք է արգելել, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցները թանգարանի հիմնական ցուցադրությունից անմիջապես հանեցին Մատիսի աշխատանքներն ու տեղում կախեցին ժամանակին Իրանից ներգաղթած Մարկոյի գործերը՝ ի նշան բողոքի, որպեսզի ցույց տան, թե ովքեր են եղել այդ ներգաղթյալների թվում, և որ ԱՄՆ-ի մշակութային ողջ քաղաքակրթությունն, ի վերջո, հենց նրանք են կառուցել»:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղակայված Միջին Արևելքի արվեստի թանգարանի վարիչ Զառա Մոկացյանը նաև նշեց, որ Մարկոն, նույն ինքը՝ Մարկոս Գրիգորյանը, մեծ ճանաչում ունի նաև Եվրոպայում, իսկ Իրանում ժամանակակից արվեստի ամենահայտնի դեմքերը նրան համարում են իրենց ուսուցիչը:  Համաշխարհային արվեստում Մարկոս Գրիգորյանը հայտնի է  որպես հողարվեստի ուղղության հիմնադիր: Արմատներով Կարսից էր, ցեղասպանության տարիներին ընտանիքը գաղթել էր Հյուսիսային Կովկաս: Մարկոն երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, Իտալիայում, 56 թվականին մեկնել Իրան, որտեղ էլ սկսել է ժամանակակից արվեստի շարժումը։

Հայաստանում Մարկոս Գրիգորյանի անունը   հայտնի դարձավ 90-ականներին՝ անկախությունից հետո, երբ նա տեղափոխվեց Հայաստան ու 93 թվականին  հայրենիքին նվիրաբերեց իր մասնավոր հավաքածուն, որն այսօր ներկայացվում է Գրականության և արվեստի թանգարանում տեղակայված Միջին Արևելքի արվեստի թանգարանի երեք ցուցասրահներում:  Հայկական, եվրոպական և, մասնավորապես, իրանական հոգևոր, մշակութային բացառիկ արժեքներ, որոնք երբեմն զարմացնում են անգամ իրանցի զբոսաշրջիկներին:

Նրանց թիվը, ի դեպ, ըստ թանգարանի վարիչի, անհամեմատ մեծ էր թանգարանի հիմնադրման առաջին տարիներին: «Իրանցի մտավորականությունը պարզապես «հորդում» էր մեր թանգարան: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նրանց գրեթե բոլոր նկարիչները եղել են այստեղ: Բայց դա թանգարանի բացման առաջին տարիներն էին: Այս օրերին մեծ թվով իրանցիներ կան Երևանում, բայց նրանց մեծ մասը հետաքրքրված չէ մշակույթով: Զբոսաշրջիկների սոցիալական շերտը, մի տեսակ, փոխվել է»։

Զառա Մոկացյանի  ասածը մասամբ հաստատվեց, երբ փորձեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել թանգարանի հարևանությամբ՝ Հանրապետության հրապարակում զբոսնող իրանցի հյուրերի շրջանում:  Ոմանք ասացին, որ մեծ հետաքրքրությամբ կայցելեին թանգարան, եթե իմանային նրա գոյության մասին: Ավելին, հրապարակի «սրտում» գտնվող՝ Միջին Արևելքի արվեստի թանգարանի գոյության մասին չգիտեին ոչ միայն իրանցի զբոսաշրջիկները, այլև մեր հայրենակիցները: Զառա Մոկացյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  Նալբանդյան փողոցի մի հատվածում առաջիկայում կտեղադրվի ցուցապաստառ, որը կհիշեցնի թանգարանի գոյության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button