Քաղաքական

Նալբանդյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրոպացի պատգամավորները Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ համաձայնություն ձեռք բերվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։

Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, խորհրդարանական ձեւաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ԱԳՆ ղեկավարը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին տեղեկացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ ջանքերի մասին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղմանը:

Back to top button