ԿարևորՔաղաքական

Ինչ իրավունքներ ունեն դիդորդներն ու լրագրողները


Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները  կդիտարկի 49 տեղական հասարակական կազմակերպության ավելի քան   28 հազար դիտորդ: Դիտորդական առաքելություն կիրականացնի  ևս  650 ներկայացուցիչ միջազգային կառույցներից՝  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ,  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 89 տեղական և 31 օտարերկրյա լրատվամիջոցի հազարից ավելի ներկայացուցիչների: Դիտորդների ու լրագրողների այս պատկառելի ներկայությունն ապահովելու է  ընտրական գործընթացը լուսաբանումն ու դիտարկումը: Իսկ ինչ իրավունքներ ունեն նրանք, ինչն է արգելված և ընդհանրապես ում ներկայությունն է թույլատրվում  քվեարկության սենյակում: «Ընտրակարգի իրազեկում» շարքից մեր անդրադարձը հենց այս թեմային է:

Քվեարկության սենյակում, ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները: Թեկնածուն քվեարկության ժամանակ տեղամասում կարող է գտնվել միայն քվեարկությանը մասնակցելու համար:

Ամեն ընտրատեղամասում  նույն լրատվամիջոցը միաժամանակ կարող է ներկայացնել միայն մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ օպերատոր, նույն միջազգային կազմակերպությունը մինչեւ երկու դիտորդ, իսկ նույն տեղական կազմակերպությունը՝ միայն  մեկը:

Ի դեպ, տեղամասում գտնվողների թիվն անսահմանափակ չէ: Եթե սենյակում այնքան մարդ կա, որ խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, այդպես է գրված Ընտրական օրենսգրքում, ապա հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակել տեղամասում միաժամանակ գտնվողերի թիվը՝ նվազագույնը 15 ընտրող թողնելով: ԸՕ նույն հոդվածը նաև նշում է, որ այս պահանջն  ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիմել ոստիկանների օգնությանը:

Ի՞նչ իրավունքներ ունի լրագրողը ընտրական տեղամասում

Լրագրողը տեղամասում իրավունք ունի լուսաբանել քվեարկության ընթացքը՝ տեսաձայնագրել ընտրական հանձնաժողովների նիստերը, քվեարկության ընթացքը՝ չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

Մասնագիտական գործունեությունից բացի լրագրողն այլ բան անելու իրավունք չունի: Մասնավորապես, չի կարող  միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնել քարոզչություն, ցուցումներ տալ ընտրական հանձնաժողովի անդամներին կամ  ներկայացնել պահանջներ: Լրագրողն անգամ չի կարող օգնել քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին: Մարդասիրական օգնությունը նրա լիազորություններից դուրս է:

Կարո՞ղ է արդյոք լրագրողը հեռացվել ընտրական տեղամասից

Լրագրողը ընտրական տեղամասից կարող է դուրս հրավիրվել  2 դեպքում: Առաջին,  եթե քվեարկության սենյակում գտնվող լրագրողների և դիտորդների թիվը 15-ից ավելի է, հանձնաժողովը՝ անդամների ⅔-ի որոշմամբ կարող է սահմանափակել քվեարկության սենյակում գտնվող լրագրողների թիվը: Ի դեպ, սահմանափակման մասին դրույթը չի տարածվում հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների րա:

Լրագրողը տեղամասից կարող է դուրս հրավիրվել նաև այն դեպքում, եթե նրա գործողությունները խաթարում են քվեարկության բնականոն ընթացքը: Խաթարման աստիճանը որոշում է հանձնաժողովը ⅔-ի կողմից ընդունված որոշման համաձայն:

Հանձնաժողովը նույն կերպ կարող է վարվել նաև դիտորդի հետ, որն իր գործողություններով կխաթարի քվեարկության բնականոն ընթացքը:

Իսկ դիտորդն, ըստ Ընտրական օրենսգրքի, պարտավորէ լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որեւէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսեւորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որեւէ հարցի նկատմամբ: Այսպես գրված է Ընտրական օրենսգրքում:

Տեղական դիտորդական կազմակերպություններից շատերը մտավախություն ունեին, որ դիտորդին դուրս հրավիրելու մասին դրույթը կարող է կամայական մեկնաբանություն ստանալ ու անցանկալի դիտորդներից ազատվելու հնարավորություն տալ հանձնաժողովին:

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը խոսում է նաև մեկ այլ հնարավորության մասին, որ նոր օրենսգրքով տրվել է դիտորդներին: Խոսքը այս կամ այն վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը վիճարկելու հնարավորության մասին է:

«Ես չգիտեմ կօգտվեն այս հնարավորությունից թե ոչ, որովհետև դիտորդական առաքելության ձևավորված չափանիշներ կան, իրենք բավարարվում են դիտարկումների արդյունքում զեկույցներ ներկայացնելով: Համոզված չեմ, որ այս հնարավորությունից կօգտվեն, տեսնենք, թե ինչ ցույց կտա պրակտիկան»:

Ի դեպ, ապրիլի 2-ի ընտրությունները կդիտարկի դիտորդների պատկառելի քանակ. մոտ 28 հազար տեղական և 650 միջազգային դիտորդ կհետևի քվեարկության ընթացքին 2009 տեղամասերում:

Ցուցադրել ավելի
Back to top button