Քաղաքական

ՄԽ համանախագահների հայտարարության կարեւոր շեշտադրումները

Տարածաշրջան այցի արդյունքներով ՄԽ համանախագահները տարածած  հայտարարությամբ  վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը  շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել հռետորաբանության մեջ ու գործողություններում:

Քննարկումներում համանախագահներն արտահայտել են դեսպան Կասպրշիկի առաքելությանն ու դրա ընդլայնմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու էական կարևորությունը: Համանախագահները նաև շեշտել են իրենց համոզմունքը, որ հրադադարի հարգումն ունի ծայրահեղ կարևորություն բանակցություններում վստահության մթնոլորտի կառուցման գործում:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, պարզաբանելով միջնորդների այս հայտարարությունը, նշեց, որ եթե հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը չլուծվի՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կշարունակվի: Սակայն ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն անում են այն, ինչի համար կոչված են:

Նա համոզված է, որ Մադրիդյան կոչվող սկզբունքներն իրագործելի չեն, քանի որ Բաքուն հիմք է ընդունում այս սկզբունքներից միայն մեկը՝ անտեսելով մյուսները:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մինչդեռ միջնորդների վերջին ձևակերպումներում որոշակի տեղաշարժ է նկատում: Ըստ նրա՝ ՄԽ համանախագահները շեշտադրում են Արցախի ոչ թե անտեսումը, այլ ընդհակառակը՝ կարևորությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում.

«Անընդհատ խոսվում էր, թե ԼՂՀ դուրս է մղված բանակցային գործընթացից: Սակայն նախագահը իսպանական գործակալությանը տված հարցազրույցում ասում էր, որ միջնորդների հաճախակի այցը Արցախ վկայում է հակառակի մասին: Նույն մոտեցումը երևաց նաև միջնորդների արտահայտություններում, ինչը ուրախալի է»:

Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո տիրող իրավիճակը միջազգային փորձագետներին հիմք է տալիս խոսելու իրավիճակի ավելի վատթարացման մասին: Նրանք այլևս չեն քննարկում հարցը, թե լինելո՞ւ են արդյոք լայնածավալ ռազմական գործողություններ, թե՞ ոչ,  նրանք փորձում են հասկանալ, թե դա երբ դա տեղի կունենա: Սերգեյ Մինասյանն այս հոռետեսական մոտեցման  հետ համամիտ չէ:

Առջևում ապրիլին Վիեննայում նախատեսվող հանդիպումն է, որի ընթացքում, ինչպես վստահեցրել են համանախագահները Ստեփանակերտում, կքննարկվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի թվաքանակը 7-ով ավելացնելու  հարցը, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների ու նախագահների հնարավոր հանդիպման թեման:

Ցուցադրել ավելի
Back to top button