Հասարակություն

Արմավիրի մարզի դպրոցականները կդառնան նոր մշակույթի կրողներ


Արմավիրի մարզի դպրոցականները շուտով կդառնան նոր մշակույթի կրողներ: Նրանցից բոլորը կսովորեն, թե ինչպես տեսակավորել աղբը և չաղտոտել շրջակա միջավայրը: Սա Արմավիրում կառուցվող աղբի վերամշակման գործարանի ուսուցողական բաղադրիչներից մեկն է, որի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի և Հայաստանում Չեխիայի դեսպանի միջև կնքվել է  պայմանագիր:

Արմավիրի մարզի տարբեր գյուղական  կամ քաղաքային բնակավայրերով անցնելիս նկատելի են  ճամփեզրերին կենցաղային կամ շինարարական աղբի կուտակումներ, որոնք հաճախ թափվում են ոռոգման ջրատարներում՝  խցանելով համակարգը, որն  էլ իր հերթին կարող է  տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցման պատճառ դառնալ: Իսկ քամու ժամանակ մշակովի հողատարածքներն ու այգիները ծածկվում են աղբի մնացորդներով կամ զարդարվում են գունավոր պոլիէթիլենային թաղանթե տոպրակներով: Նշվածը բացասաբար է անդրադառնում առանց այդ էլ վտանգված հողի բերրիության վրա, այսինքն վնասում է շրջակա միըջավայրը:  Արմավիրում աղբի վերամշակման գործարանի կառուցումը խնդրի լուծման տարբերակներից է:  Այն դեռ նախագծման փուլում է: Մինչ գործարանի կառուցումը բնակչության շրջանում  նախատեսվել է նոր մշակույթ ձևավորել: Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի առաջարկով Արմավիրի մարզի դպրոցներում իրականացվելու է ,,Կանաչ Հայաստան՝ աղբահանության միջոցով,,  ծրագիրը: Այն նախատեսում է աղբի հավաքման և տեսակավորման ուսուցում:

,,Եթե  երեխաներն իրենց տանը տեսակավորեն աղբը, ապա կստիպեն իրենց ծնողներին նույնը անել,,- ասաց Պետր Միկիսկան:

Ծրագրի ներդրումը  ավելի քան 9000 դոլարին համարժեք դրամ է, որը կհատկացվի Արմավիրի մարզպետարանին: Ուսուցողական ծրագրի առաջին մասնակիցները կլինեն ուսուցիչները, որոնք էլ իրենց հերթին կուսուցանեն աշակերտներին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այս տարբերակը լավագույն իրազեկման ձևերից մեկն է, քանի որ ուսուցիչները կապված են և եևեխաների և համայնքի հետ:

Բնակչության իրազեկման նպատակով կտպագրվեն տեղեկատվական նյութեր,  դպրոցներին կտրվեն խրախուսական մրցանակներ՝ համակարգիչների և այլ միջոցների տեսքով: Չեխ դեսպանի խոսքերով այս ամենն արվում է աղբի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

,,Կանաչ Հայաստան՝ աղբահանության միջոցով ծրագիրը,,  կյանքի կոչելու համար Արմավիրի մարզպետի և Հայաստանում Չեխիայի դեսպանի միջև կնքվել է  պայմանագիր:

Աղբը տեսակավորվելու է գունավոր կոնտեյներներում, որոնք կպատրաստվեն Եվրոպայում:

Ցուցադրել ավելի
Back to top button