Քաղաքական

Վարչական ռեսուսրի չարաշահում. հակասական գնահատականներ


Հայաստանում մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք, 39 դեպք` աշխատանքային ժամին ուսումնական հաստատությունների աշխատակիցների` քարոզարշավի մասնակցության և այլն: Այս տվյալներն այսօր ներկայացրել է  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով «2017թ. ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման» մոնիտորինգի արդյունքները: Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել հանրապետության 12 քաղաքներում և Երևանում:

 

 

Հնարավոր է արդյոք չափել վարչական ռեսուրսի չարաշահումը նախընտրական շրջանում և գնահատել դրա ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 5-ից մոնիտորինգ է իրականացնում և դիտարկում վարչական ռեսուրսի չարաշահման տարբեր դրսևորումներ: Վարուժան Հոկտանյանն ասում է` աշխարհում սա փորձում են անել արդեն ավելի քան մեկ  տասնամյակ:

«Միջազգային մեթոդաբանություն է, որով մենք առաջնորդվում ենք և որը աշխարհի շատ երկրներում կիառվում է 2002-2003 թվականներից»:

Այդ մեթադաբանությամբ առաջնորդվելով՝ հակակոռուպցիոն կենտրոնը  վարչական ռեսուրսի չարաշահման տարբեր դրսևորումներ է արձանագրել: Մասնավորապես, 24 դեպք՝ տեղամասային և տարածքային հանձնաժողովների անդամների՝ քարոզարշավի մասնակցության, ինչն օրենքով արգելվում է:  22 դեպք` աշխատանքային ժամին պաշտոնյայի՝ քարոզարշավի մասնակցության, 39 դեպք ուսումնական հաստատությունների աշխատակիցների կրկին  աշխատանքային ժամին քարոզարշավի մասնակցության և այլն:  Ըստ դիտարկման արդյունքների՝  վարչական ռեսուրսի չարաշահման տարածված և քողարկված  դրսևորում է քարոզչական այցերի զուգակցումը աշխատանքային այցերի հետ:

Փոխարենը բարդ է  ընտրակաշառքի դեպքը: Հոկտանյանի խոսքով՝  սա որպես վարչական ռեսուրսի անուղղակի  չարաշահում են դիտարկում երկու պատճառով: Նախ ՝  որպեսզի ապացուցվի, որ ընտարակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահում է,  պետք է հիմնավորվի, որ այն տրվում է բյուջեի միջոցների հաշվին:

Քանի որ  Թրանսփարենսի ինթերնեշնլն այդ ուսումնասիրությունը չի արել, զերծ է մնում ընտրակաշառքը  վարչական ռեսուրսի ուղղակի  չարաշահում որակելուց, մյուս պատճառն էլ այն է, որ ընտրակաշառք բաժանում կամ խոստանում են  ոչ միայն իշխանական,  այլ նաև ոչ իշխանական ուժերը: Մինչդեռ վարաչական ռեսուրսի չարաշահում ասվածը վերաբերում է հենց իշխանություններին: Այս տրամաբանությամբ՝ ընտրակաշառքի 45 դեպքը դիտարկում են որպես ընտրախախտում կամ անուղղակի չարաշահում: Արձանագրել են նաև տասնյակին մոտ դեպքեր քվեարկությունն ուղղորդելու նպատակով ցուցակագրման , գործատուների կողմից աշխատակիցների ճնշման: Մի քանի կոնկրետ օրինակ:

«Եղեգնաձորի Արփի գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը պահանջել է, որ այդ գյուղը իրեն 400 ձայն ապահովի: Մեկ այլ դեպքով Արմավիրի շուկայում ցուցակագրում են արել և անձնագրերում կետ են դրել, ինչպես նաև խոստացել են, որ ջրագիծ կկառուցվի»:

Անդրադառնալով վերջին օրերի ամենաաղմկոտ դեպքին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված 114 դպրոցների տնօրենների ձայնագրություններին՝  Վարուժան Հոկտանյանը ասում է՝ ունենք վարչական ռեսուսրի անուղղակի չարաշահման հստակ դեպք:

«Այստեղ երկիմաստություն չկա, թե չարաշահում չի եղել, ցուցակագրումն օրինական է կամ այլ բան: Ակհնայտ է, որ այդ ցուցակագրումը նաև ուղղորդելու նպատակ է ունեցել և եթե իրավապահներն ավելի պրոակտիվ լինեին, պետք է փորձեին պարզել, թե դպրոցի տնօրեններն ումից են այդ հրահանգները ստացել»:

Մինչ Վարուժան Հոկտանյանը պրոակտիվություն է ակնկալում իրավապահներից, ՀՀԿ մամուլի խոսնակը Էդուարդ Շարմազանովը հորդորում է որակումներ տալուց ու գնահատականներից առաջ նախ սպասել իրավապահների վերջնական գնահատականներին:

«Եթե օրենք է խախտվել, մեղավորները կպատժվեն: Մենք չենք ասում, որ օրենք խախտողները պատասխանտվության չպետք է ենթարկվեն կամ քաղաքական անձեռնմխելիություն պետք է ունենան:  Կա անմեղության կանխավարկած: բացի դրանից,  պետք է պարզվի՝  այդ մարդիկ դա աշխատանքային ժամին են արել թե ոչ»:

Շարմազանովն ասում է՝ իր համար իրավական կողմից բացի ավելի կարևոր է խնդրի բարոյական կողմը:

«Անթույլատրելի է, երբ ժողովրդի մանդատին հավակնող մարդիկ աշխարհի ամենավիրավորական բառներն են օգտագործում: Կարծում են սա պետք է քննադատեք»:

Խնդրի բարոյական կողմին ավելի վաղ անդրադարձել էր  նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա հորդորել էր ներողություն խնդրել այն արտահայտությունների համար, որոնք թույլ են տվել դպրոցի տնօրեններին քննադատող քաղաքական գործիչները: Իսկ անդրադառնալով այս հիմքով  ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու  նախաձեռնություններին, որով հանդես էին եկել մի շարք քաղաքական ուժեր, Աշոտյանն ասել էր, որ  շատ ավելի լուրջ հիմքեր է տեսնում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական առաքելությունից  զրկելու, քան ՀՀԿ-ին` գրանցումից:

Ցուցադրել ավելի
Back to top button