Քաղաքական

Քարոզարշավը՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների գնահատմամբ


Նախընտրական քարոզչությունը ցույց տվեց, որ գոնե այսօրվա դրությամբ Հանրապետական կուսակցությունը քաղաքական մարաթոնի առաջամարտիկն է՝ այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Քարոզարշավի ամփոփման ընթացքում նա նշել է նաեւ սոցիոլոգիական հարցումների  արդյունքները՝ կարծիք հայտնելով, որ նման տեմպով ճիշտ աշխատելու դեպքում ժողովուրդը Հանրապետականին հնարավորություն կտա կամ միայնակ, կամ  կոալիցիոն գործընկերների հետ կազմելու ապագա կառավարությունը: Սոցիոլոգիական հարցումներին չեն հավատում «ՕՐՕ» դաշինքում: Դաշինքի անդամ Ազատ Արշակյանն այսօրվա ասուլիսում շեշտել է, որ քարոզարշավն իրենք անցկացրել են իշխանական ճնշումների պայմաններում, սակայն չեն հանձնվել ու չեն փոխել իրենց հռետորիկան: Ընտրություններից հետո էլ զբաղվելու են քաղաքականությամբ: ՀՅԴ անդամ, պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ արվել է, որ ընտրությունները նորմալ ընթանան: Այս կամ այն իրավիճակը մատուցել որպես արդեն իրողություն, կարծում է, ճիշտ չէ: Ըստ նրա հասկանալի է՝ կան ուժեր, որոնք օբյեկտիվորեն գնահատում են իրենց դիրքերը, որից ելնելով՝ դեռ չեղած մի բանի վերաբերմունք են ցույց տալիս, թե  կեղծվելու է անպայման: Առնվազն 8 ուժերը կարող են համագործակցել՝ ընտրության օրը որեւէ կեղծիք եւ անօրինականություն բացառելու համար՝ շեշտել է դաշնակցական թեկնածուն:

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի ներկայացուցիչ Ազատ Արշակյանի խոսքով՝ իրենք քարոզարշավն անցկացրել են իշխանական ճնշումների տակ, հետապնդումների պայմաններում, սակայն, չեն ընկճվել, չեն վախեցել, չեն հանձնվել ու չեն փոխել իրենց հռետորիկան: Արշակյանի ձեւակերպմամբ՝ իրենք չեն քննադատել դաշնակիցներին, որոնց համարում են իշխանափոխության կողմնակիցներ: Այդպիսիք, ըստ նրա, այս քարոզարշավի բոլոր մասնակիցներն են, բացի Հանրապետականից, որին սուր քննադատության են ենթարկել: Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած այդ ամենին, ըստ սոցհարցումների, ՕՐՕ դաշինքը շատ ցածր վարկանիշ ունի եւ կարող է չհաղթահարել խորհրդարան մտնելու շեմը՝ Ազատ Արշակյանն այսպես հակադարձեց.

«Հարցումները մի անգամ Ամերիկայում իրենց ցույց տվեցին: Ես ոչ թե կասկածում եմ, այլ՝ դա քարոզչական տրյուկ է: Ինչ-որ գրում են այդ «վիճակ հանողները», դա քարոզչական տրյուկ է»:

Եթե սոցհարցումները պրոֆեսիոնալները չեն անում, բնականաբար, կասկած լինում է՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա՝ շեշտադրել. «Ես չեմ կարծում, որ ԳԵԼԱՓ-ը ոչ պրոֆեսիոնալ կազմակերպություն է: Բավականին պրոֆեսիոնալ է: Այսօր արդեն սոցիոլոգիան լուրջ գիտություն է: Ամեն դեպքում՝ բոլոր լուրջ սոցիոլոգիական կառույցների տվյալներով Հանրապետական կուսակցության շանսերը բավականին դրական են եւ այսօր Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է քաղաքական մարաթոնի առաջամարտիկը: Սա է փաստը»:

Միայնա՞կ, թե՞ կոալիցիոն կառավարություն կարող ենք կազմել՝ ցույց կտան ապրիլի 2-ի ընտրությունները: Մի բան կարող եմ ասել, որ նախընտրական քարոզչությունը ցույց տվեց, որ գոնե այսօրվա դրությամբ Հանրապետական կուսակցությունը քաղաքական մարաթոնի առաջամարտիկն է եւ այս տեմպով ճիշտ աշխատելու դեպքում, կարծում եմ, մեր ժողովուրդը Հանրապետականին հնարավորություն կտա կամ միայնակ, կամ  կոալիցիոն գործընկերների հետ միասին կազմելու ապագա կառավարությունը:

Հետընտրական հնարավոր զարգացումներին եւ համագործակցությանն անդրադառնալով՝ Ազատ Արշակյանն ասաց, թե «մայդաններ»-ի իրենք չեն գնա, դա պետք չէ, քանի որ երկիրն է պետք փոխել եւ հասարակությո՛ւնը պետք է գնա դրան: Իրենք ասում են, որ ունեն Հանրապետականի ծրագրից լավ ծրագիր՝ Հանրապետականին փոխարինող: Մնացածը կտեսնենք՝ ասաց նա:

«Նույնիսկ, եթե չլինենք պառլամենտում, քաղաքականությամբ մենք զբաղվելու ենք, որովհետեւ մենք կարծում ենք, որ բան ունենք ասելու, գործ ունենք անելու՝ Հայաստանի Հանրապետությունում բարեփոխման. առաջընթացի, զարգացման ծրագրեր ունենք եւ դա կուզենանք կատարել՝ մեր ուժերով կամ համախոհների, դաշնակիցների ուժերով կուզենանք, որ դա տեղի ունենա»:

ՀՅԴ անդամ, պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանի խոսքով՝ իրենք նման բաներ չեն ասում, քանի դեռ «չգիտենք  ընտրություններն ինչ ընթացքով կկայանան»:

«Ամեն ինչ արվեց, որ այս ընտրությունները նորմալ ընթանան: Կոնկրետ՝ ընտրության օրը առանց կեղծիքի ընթանա, իսկ պատկերը, թե ի՞նչ կլինի՝ հետո: Միգուցե քաղաքական ցանկացած ուժ ունի իրավունք նախատեսել-քննարկել՝ ու՞մ հետ, ի՞նչ տարբերակ, եթե լինի այս կամ այն իրավիճակը: Բայց դա մատուցել որպես արդեն իրողություն, դա, կարծում եմ, ճիշտ չէ: Իհարկե, դա էլ հասկանում ես՝ կան ուժեր, որոնք կարող են օբյեկտիվորեն գնահատել իրենց դիրքերը, որից ելնելով՝ դեռ չեղած մի բանի արդեն որոշակի մոտեցում, վերաբերմունք ցույց տան, որ կեղծվելու է անպայման եւ այլն»:

Պատգամավորության դաշնակցական թեկնածուի համոզմամբ՝ իրենք առավելագույնն են արել, որ այս ընտրապայքարը լինի քաղաքական բնույթի եւ հանրությանը առավելագույնս ներկայացվեն ծրագրերը: Ըստ նրա, սակայն, այդ շեմը որոշակիորեն իջեցրել է վարկանիշային ընտրակարգում պայքարը:

«Փորձել ենք զերծ մնալ հակաքարոզչությունից: Մենք զերծ ենք մնացել այլ անուններ հնչեցնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ ծրագրային մի դրույթի դեմ մեր մոտեցման դեմ պայքար է ընթացել»:

ՕՐՕ դաշինքի անդամ Ազատ Արշակյանն այսօր հերքեց նաեւ դիտարկումը, թե դաշինքի առաջնորդներն այսօր պարզապես հանրության ականջին հաճո խոսքեր են ասում՝ հակասելով նախկինում արած հայտարարություններին: Ասաց, թե հանրությանը տհաճ բաներ ասելն ընդհանրապես ճիշտ չէ, ապա շեշտեց, որ իրենք ամբոխահաճո չեն:

Ցուցադրել ավելի
Back to top button