Մշակույթ

Քայլ առ քայլ շտկելով փորձելու ենք առաջ գնալ. Շանթ Հովհաննիսյան


Մայրաքաղաքի ընդգծված մշակութային ակտիվության կողքին մարզային մշակութային կյանքում լիակատար պասիվություն է: Արդարությունը վերականգնելու և համաչափության սկզբունքը քիչ թե շատ պահպանելու նպատակով վերջին շրջանում որոշակի քայլեր են իրականացվում: Շարժ է նկատվում հատկապես մարզային թատրոններում: Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ունի նոր տնօրեն՝ Շանթ Հովհաննիսյան:

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ավելի քան  մեկ ամիս ղեկավարում է հանրապետության վաստակավոր արտիստ, նախկինում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը՝ շատերին հայտնի «Գարեգին Նժդեհ» ֆիլմից : Նոր տնօրեն, նոր ծրագրեր, թատրոնի զարգացման նոր հեռանկարներ, բայց նաև ժառանգություն ստացած  բազմաթիվ խնդիրներ: «Դրանք քայլ առ քայլ շտկելով փորձելու ենք առաջ գնալ»,-ասում է թատրոնի նորանշանակ տնօրենը:

Տեխնիկական ու ստեղծագործական խնդիրներից զատ թատրոնն այսօր նաև իր մշտական հանդիսատեսին վերագտնելու խնդիր ունի: Այո, վերագտնելու, որովհետև նախկինում թատերական ավանդույթներ ունեցող քաղաք էր Գորիսը: Տարիների ընթացքում ընդհատված կապն այսօր փորձելու են վերագտնել որակյալ բեմադրություններով, թատրոնում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներով: Ըստ Շանթ Հովհաննիսյանի մարզային հանդիսատեսն ունի իր նախասիրությունները. հայրենասիրական թեման այստեղ միշտ սիրված ու արդիական է, բայց միօրինակ խաղացանկով այստեղ չեն սահմանափակվելու:

Ծրագրեր կան, բայց դրանք իրականացնելու համար նաև ֆինանսներ են պետք: Տեղական ներդրողներն առայժմ չեն շտապում օգնել: Նրանց կողմից թատրոնը դեռ չի ընկալվում որպես արդյունավետ ներդրման միջավայր: Այդ գիտակցության ձևավորման համար էլ, ըստ զրուցակցիս, գուցե ժամանակ է անհրաժեշտ:

«Թատրոնի նվիրյալների ջանքերով կկոտրվեն կարծրատիպերը»,-ասում է Շանթ Հովհաննիսյանը: Իսկ նվիրյալների ցանկում նախ թատերախումբն է, որի շուրջ 70 տոկոսը երիտասարդներ են՝ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի շրջանավարտները: Ի հեճուկս թատրոնի գլխին թափված տարաբնույթ խնդիրների, նրանք   աշխատում են ու նոր ներկայացումներ ստեղծում:

Շանթ Հովհաննիսյան տնօրենի աշխատանքային գրաֆիկի պատճառով դերասան Շանթ Հովհաննիսյանի ստեղծագործական կյանքը, իհարկե տուժում է: Մի շարք նախագծերից արդեն հրաժարվել է: Կարծում է, որ զղջման առիթ չի ունենա, ավելին՝ երջանիկ կլինի, երբ իր ղեկավարած թատրոնը հասնի ցանկալի արդյունքին: Թատրոնն, այսպես ասած, հունի մեջ դնելուց հետո բաց թողածը, ըստ դերասանի, կարելի է լրացնել:

Շատերին, ինչպես նշեցի,  մասնավորապես «Գարեգին Նժդեհ» ֆիլմից հայտնի Շանթ Հովհաննիսյանն այժմ նկարահանվում է  ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սարը» խաղարկային ֆիլմում: Նրանց համագործակցության հաջողված օրինակ կարելի համարել բազմաթիվ մրցանակների արժանացած «Սիմոնի ճանապարհը» ֆիլմը, որը մայիսին կցուցադրվի Երևանում:

Ցուցադրել ավելի
Back to top button