Տնտեսական

Հայաստանում են «բիզնես հրեշտակները»


Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունում այսօր նոր ծրագրի մեկնարկ է տրվել: Մասնավորից պետական կառույց տեղափոխված Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ՝  ներդրողները կաջակցեն ՏՏ ոլորտի սկսնակ երիտասարդներին: Դաշտն ուսումնասիրել են ու պարզել, որ  շատ հաճախ  գերակա  ճյուղ հռչակված ՏՏ ոլորտի երիտասարդներն ունեն փայլուն գաղափարներ, սակայն, ֆինանսավորում չունեն՝ դրանք կյանքի կոչելու համար:

«Ոստիկան հրեշտակների»  կողքին  շուտով  գուցե «բիզնես հրեշտակներ» էլ հայտնվեն: Սա միջազգային պրակտիկայում ընդունված ինստիտուտ է: «Բիզնես հրեշտակներ»-ը մարդիկ են, ովքեր  պատրաստ են ներդրումներ կատարել և աջակցել նոր բիզնես գաղափարների հեղինակներին՝ սկսնակներին, ովքեր գաղափարներ ունեն, սակայն, գումար չունեն:

ՏՏ ոլորտի երիտասարդների համար  հիմնադրամ   կստեղծվի՝  200 հազար դոլար նախնական դրամագլխով:  Ներդրողները ՏՏ ոլորտում հայտնի Արա Յաղջյանն ու  Էդուարդ Մարությանն են։ Վերջինս, ի դեպ, արդեն համաշխարհային ճանաչում  ունեցող  «ZANGI» հավելվածի  բաժնետերերից է: Խոստովանում են՝ այժմ իրենք  կօգնեն երիտասարդներին, իրենց վրա կվերցնեն բոլոր ռիսկերը, հետագայում  նրանց գաղափարների   բաժնեմասերը կստանան: Հետո գուցե դրանք վաճառեն ու ներդնեն այլ գաղափարների մեջ:  Նախագծին մասնակցելու հայտարարությունը  պատրաստ է,  մինչև ապրիլի 13- ն ընդունվում են հայտեր: Հայտարարությունը տեղադրված է globalcredit.am  կայքէջում:  ֆինանսավորման առաջին փուլի համար կընտրվի տասը նորարարական  գաղափար:

Ընտրությունը կկատարեն ոլորտի 12 մասնագետները: Սկսնակները կստանան նաև խորհրդատվություն,  կօգտվեն հայտնի ընկերությունների կապերից:
Աշխարհին հայտնի  «Microsoft», « Google»   ընկերություններն էլ իրենց գործունեությունը սկսել են բիզնեսներ հրեշտակների միջոցով՝ վստահեցնում են նախաձեռնողները:

Ցուցադրել ավելի
Back to top button