Տնտեսական

ՀԱԳՄ- ն սատարում է ՀՀ վարչապետին ու կառավարությանը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել՝ կառավարությանն ու վարչապետինն աջակցելու մասին։

Անդրադառնալով երկրի տնտեսությունում առկա իրավիճակին և հանրապետության ներկա կառավարության կողմից իրականացվող  տնտեսական արմատական բարեփոխմանը միտված օրախնդիր ու հեռանկարային քայլերին՝ ՀԱԳՄ- ն հայտարարել է.

«Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը։

Հավատում ենք, որ ներկա նախընտրական գործընթացում, զորակցելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, նրան առաջադրած քաղաքական ուժին,  առաջին հերթին սատարում ենք Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարին և երկրի անվտանգությանը։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ կառավարության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ մեզ հասու բոլոր միջոցներով:

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին  կատարել այնպիսի գիտակցված ընտրություն, որով կապահովվի մեր երկրի անվտանգության ամրապնդման ու տնտեսական  արմատական բարեփոխումների շարունակականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button