Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությանը` Սամվել Կարապետյանի նոր գրքում


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, դրա քաղաքական նշանակությունն ու կարևորությունը: Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ անդրադարձել է Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությանը, ադրբեջանցի դեսպանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր ղեկավար նշանակվելու հավանականությանը:
Քանի որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ ամեն տարի նորանոր տվյալներ են ի հայտ գալիս, իսկ ցանկացած օտարազգի ուսումնասիրող համար խնդիր է Ադրբեջանի այսօրվա տարածքում հայկական հուշարձաններով հետաքրքրվելը, Սամվել Կարապետյանը մեծապես կարևորում է այս աշխատության մեջ զետեղված նյութերը, որոնք արդեն իսկ հայկական հուշարձանների և դրանց ոչնչացման վկայությունն են:
Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից՝ հավելեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը: Գիրքն իհարկե իր առաքելությունը կատարում է, բայց արդյո՞ք այն կօգտագործեն մեր պատկան մարմինները։ Սա է այժմ մտահոգում Սամվել Կարապետյանին:
Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ Ադրբեջանի գործելաոճը վանդալություն է անվանում ու տարակուսանք հայտնում, որ հայկական հուշարձանները բնաջնջած երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:
Վերադառնալով աշխատությանը՝ նշենք, որ այն լույս է տեսել 1000 օրինակով և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի պատվերով։ Սամվել Կարապետյանը վստահ է, որ գիրքը ճիշտ հասցեներով կտարածվի: