ԿարևորՔաղաքական

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը մտադիր չէ վիճել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի հետ, այդ թվում նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով:

«Մենք (Հայաստանի հետ) մտերիմ ժողովուրդներ ենք եղել և այդպիսին էլ կմնանք: Ադրբեջանին Հայաստանն այլ կերպ է վերաբերվում, սակայն նրանք նույնպես մեզ համար մտերիմ ժողովուրդ են… Ինչո՞ւ պետք է մենք Հայաստանի կամ Ադրբեջանի հետ վիճենք», — ասել է Լուկաշենկոն Մինսկում ՀՀ դեսպան Արմեն Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանում ենք Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Լապշինի արտահանձնմանը՝ Լուկաշենկոն ասել է. «Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարել մեկ երկիր` Ադրբեջանը: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի` ինչո՞ւ այստեղ ձերբակալեցին: Թող գնար` ուր ցանկանում էր: Սակայն ձերբակալեցին: Ինտերպոլը տեղյակ էր: Մենք` որպես օրինապաշտ, տեղեկացրել էինք: Իսկ ո՞ւմ պետք է մենք նրան փոխանցեինք: Նրան, ով հետախուզում էր հայտարարել»:

Լուկաշենկոն նաև հավելել է, որ ոչ ոք չի ցանկացել Լապշինին տանել և որ ոչ մի երկիր չի ցանկացել նրան վերցնել՝ նկատի ունենալով այն երեք երկրներին, որոնց քաղաքացի է համարվում Լապշինը:

Ցուցադրել ավելի
Back to top button