Միջազգային

Էրդողանը հեղաշրջում է իրականացնում ժողովրդավարության դեմ. Նորբերտ Լամերթ

Այն բանից հետո, երբ Գերմանիայի տարածքում մեկնարկել է Թուրքիայում սահմանադրական բարեփոխման մասին հանրաքվեի անցկացումը, բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը պաշտոնական Անկարային մեղադրել է ժողովրդավարության դեմ հեղաշրջում իրականացնելու մեջ: Լամերթի կարծիքով՝ այն, ինչ մտադիր են անել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և երկրի կառավարությունը ժողովրդավարական կարգերը ավտորիտար համակարգի վերածելն է: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Մարտի 27-ին Բունդեսթագում Ձախերի կուսակցության կազմակերպած գիտաժողովին:

Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձից հետո Էրդողանը պարբերաբար կոտրում է երկրի քաղաքական համակարգը:

«Թուրքիայում ամառվանից մինչ օրս կարող եմ խոսել երկու հեղաշրջման մասին: Առաջինը պետական հեղաշրջում էր, որը տապալվեց, իսկ երկրորդը կազմակերպել է Էրդողանը սեփական երկրի սահմանադրության դեմ: Եվ այս մեկն արդեն հաջողված է թվում: Էրդողանը փաստացի լուծարում է խորհրդարանը` ձերբակալելով պատգամավորներին: Նա դա անում է հանրաքվեի միջոցով, որը ուժազուրկ է անում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը»,- ասել է Նորբերտ Լամերթը:
Ցուցադրել ավելի
Back to top button