Միջազգային

Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է ԵՄ անդամ դառնալու գործողությունների ծրագիրը

Վրաստանի արտգործնախարարությունը նշել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու կարևորությունը և ներկայացրել Եվրամիության անդամ դառնալու վեց կետից բաղկացած գործողությունների ծրագիր, հաղորդում է RIA Novosti-ն:

Նշենք, որ Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կկարողանան ԵՄ երկրներ այցելել կենսաչափական անձնագրերով՝ առանց շենգեն վիզայի:

ԱԳՆ-ի տվյալներով՝ առանց վիզայի ռեժիմը նպաստելու է հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը: Գերատեսչությունը առանձնակի կարևոր է համարում, որ առանց վիզայի ռեժիմը հասանելի կլինի Աբխազիայի և Ցխինվալի շրջանի Վրաստանի քաղաքացիների համար:

«Մենք հավակնություն ունենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ: Այդ քաղաքական որոշման համար մեզ անհրաժեշտ է, որ երկիրը պրակտիկ տեսանկյունից առավելագույնս պատրաստվի ՝ հաստատի Եվրամիության չափանիշերը և առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Դա հնարավոր կլինի գործողությունների ծրագրի միայն համալիր և լիարժեք իրականացման դեպքում: Մենք նման ծրագիր ունենք, և մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել դրա իրականացման համար»,- ասված է հայտարարությունում:

Գերատեսչության վեց կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, Եվրամիության մասնագիտացված գործակալություններին առավելագույն ինտեգրում, ԵՄ-ի ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, ԵՄ-ի կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, Եվրամիության ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում, ինչը ենթադրում է տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ինտեգրում:

Ցուցադրել ավելի
Back to top button