Քաղաքական

Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Օսկանյան

«Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է»,- այսօր ասուլիսում հայտարարեց  ՕՐՕ դաշինքի ղեկավարներից Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ դաշինքը Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու է։

Հիշեցնենք, որ Սամվել  Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ,  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը.   Տեղեկացնենք նաև, որ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է:

Ի դեպ` մամուլում լուրեր շրջանառվեցին, որ հաջորդ ձերբակլությունը սպասվելու է նաև Սեյրան Օհանյանին:

ՕՐՕ  դաշինքի անդամները  այսօրվա կայացած ասուլիսում խոսեցին նաև նախընտրական քարոզարշավի ընթացքից. Վարդան Օսկանյանը ասաց, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք այսքան մասսայական ու այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել:

Իրենք ԿԸՀ  են  ներկայացրել «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի տրամադրած փաստերը, որը, ըստ նրա, բավարար են, որպեսզի իշխանություններն ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը չեղարկելու որոշում կայացնեն:  Վարդան Օսկանյանը  տեղեկացրեց նաև, որ իրենց դաշինքը վարկանշային հարցումներ է իրականացրել, ըստ որի ՀՀԿ –ն շատ ցածր  վարկանիշ  ունի:

«Ռադիոլուր»-ի  հարցմանը, եթե  ընտրությունների արդյունքները չհամապատասխանեն իրենց սպասումներին՝ արդյո՞ք կգնան հետընտրական պայքարի ճանապարհով, թե՞ ոչ, Վարդան Օսկանյանը հայտարարեց` հետընտրական զարգացումները կթելադրի ժողովուրդը:

«Ինչքան էլ, որ քաղաքական ուժերը պիտի առաջնորդեն, բայց եթե ժողովուրդը դրա կարիքը չզգա, դուրս չգա, դա որևէ ընթացք չի ունենալու: Դրա համար ես ասում եմ՝ ժողովուրդը մեզ կհուշի, թե ընտրություններից հետո ինչ պետք է անենք: Իսկ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է լինեն հետընտրական զարգացումներ, մենք կլինենք ժողովրդի կողքին և կառաջնորդենք»։

Ցուցադրել ավելի
Back to top button