ԿարևորՔաղաքական

Ձայնագրությունների հետքերով. Ռադիոլուրին պարզաբանում է տվել գլխավոր դատախազությունն ու ԿԸՀ-ն


Մարտի 24-ից տարբեր հարթակներում  ակտիվորեն քննարկվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ պատրաստած տեսանյութը, որտեղ Հ/Կ-ի անդամների հետ հեռախոսազրույցներում ուսումնական տարբեր հաստատությունների տնօրեններ նշում են, որ  այս կամ այն կերպ մասնակից են ընտրացուցակների հավաքագրման գործընթացին:  «Հանրակրթական հաստատություններն  արդեն իսկ հայտնվել են բավականին ծանր իրավիճակում»,- նշել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ նկատել է՝  «ԸՕ-ում քարոզչության վերաբերյալ դրույթներում հստակորեն նշված չէ, որ ցուցակագրումն արգելվում է, սակայն նշել է, որ քարոզչություն իրականացնողների համար կան կանոններ, սահմանափակումներ ու արգելքներ: Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը պարզաբանումներ է ստացել նաև ԿԸՀ ու գլխավոր դատախազությունից:

 

 

«Արջի ծառայություն չմատուցել» կառավարության ղեկավարը դեռ փետրվարի սկզբին  դիմելով պաշտոնյաներին ու գերատեսչությունների ղեկավարներին կոչ արեց՝   ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար չօգտագործել:

Եվ ահա նախընտրական այս փուլում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ պատահականության սկզբունքով, համենայնդեպս նախագահ Դանիել Իոնիսյանն այդպես է վստահեցնում, ընտրեց կրթական 136 հաստատություն ու պարզեց, որ 114-ի ղեկավարներն այս կամ այն կերպ ներգրավված են ընտրացուցակների հավաքագրմամբ: Բոլոր զանգերը կատարվել են աշխատանքային օրերին ու աշխատանքային ժամերին՝ ասում է կազմակերպության  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Մենք գործ չունենք 114 վատ, անբարեխիղճ տնօրենների հետ, մենք գործ չունենք 114 վատ իրավախախտում գործող տնօրենների հետ: Մենք գործ չունենք 114 արջի ծառայություն մատուցող տնօրենների հետ: Մենք գործ ունենք համակարգի հետ»:

ԸՕ-ում քարոզչության վերաբերյալ դրույթներում հստակորեն նշված չէ, որ ցուցակագրումն արգելվում է՝ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ու նշում,  որ քարոզչություն իրականացնողների համար կան կանոններ, սահմանափակումներ  ու արգելքներ. «Նշվեց սուբյեկտների հստակ շրջանակ՝ դրանք մանկավարժներն են, որոնք ԸՕ, թեև քարոզչություն իրականցնելու ընտրական սուբյկետ չէ, սակայն, նրանց համար կա հստակ սահմանափակում՝ իրենց լիազորություններն իրականացնելիս, քարոզչությամբ չեն կարող զբաղվել»:

Տիգրանյանը հակադարձում է՝ մանկավարժները ցուցակագրել են միայն, քարոզչություն չեն իրականացրել, սակայն իրավախորհրդատուն, հղում անելով ԸՕ 22-րդ հոդվածին, նշում է՝ ընտրողի ազատ կամքի վրա ներգործությունն  արգելվում է:

«Մանկավարժներն ունենալով որոշակի ծառայողական ենթակայության հարաբերություններ՝ ծնողական համայնքի նկատմամբ, երբ որ իրականացնում են հավաքագրման գործողություններ, արդեն իսկ իրենց դիրքով ազդում են ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա»:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Ռադիոլուր»-ին ահա թե ինչ  փոխանցեցին. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված  ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նույնպես  մանրամասնորեն  ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները: ՄԻՊ աշխատակազմն իր անհանգստությունն է հայտնել, քանի որ   հրապարակված նյութերն ու ձայնագրությունները    վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց  տնօրեններին:  ՄԻՊԻ-ի աշխատակազմը  կարծում է, որ  բոլոր տվյալները պետք է մանրամասն ստուվեն հնարավոր ամենասեղմ ժամկետներում:  Ավելին, կարևորում է  է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը:

ԿԸՀ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ ուսումնասիրում են ու հանդես կգան հայտարարությամբ:

«Հանրակրթական հաստատություններն  արդեն իսկ հայտնվել են բավականին ծանր իրավիճակում»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու նշում.«Այսօր ուսումնական հասատատությունենրի ներսում ստեղխված է մի ենթահամակարգ, որը կորթության հետ որևէ կապ չունի: Սա բավական մեծ պրոբլեմ է»:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից փոխանցում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է  ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ նոր շրջաբերական է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button