ԿարևորՔաղաքական

Դիվանագիտության մեջ՝ ինչպես թղթախաղում. բոլոր խաղաքարտերը չեն կարող բացվել. ամերիկացի համանախագահ


Ապրիլի 2-ից առաջ մեր այցելության հիմնական ուղերձը մեկն է՝  ապրիլյան իրադարձությունների տարելիցը նշանավորել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում: Այսպես ձևակերպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցելության առաքելությունը ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Լրագրողներին պատմելով, որ արդեն եղել են Բաքվում, հիմա Երևանում են, հաջորդ կանգառն էլ Արցախն է: Երկու մայրաքաղաքներում նույն ուղերձն ենք հղել՝ ասաց դեսպանը՝ ապրիլյան իրադարձությունները խոսքում անվանելով բռնություններ:

 

«Մենք երկու մայրաքաղաքում էլ նույն ուղերձն ենք փոխանցել՝ բոլորը գիտեն, որ շուտով կլրանա մեկ տարին, երբ սահմանին տեղի ունեցան բռնություններ և ուղերձը հետևյալն է՝ այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե՝ մարտադաշտում»:

Ռիչարդ Հոգլանդը հատուկ ընդգծեց.  այցի հիմնական նպատակը դանդաղած բանակցային գործընթացը վերակենդանացնելն է: Դիտարկմանը, թե բանակցային գործընթացը փակուղում է, չհամաձայնեց, բայց որ գործընթացը խիստ դանդաղել է, չառարկեց:

Ինչ առաջարկներով են հանդիպում կողմերին: Հոգլանդի խոսքով ՝ սեղանին ողջամիտ պլաններ են, գուցե ոչ վերջնական, բայց քննարկելու նյութ կա: Որպես դիվանագետ շրջանցելով դրանց մանրամասների հարցը՝ ամերիկացի համանախագահը առավել կարևորեց դրանց քննարկման համար պայմաններ ստեղծելու առաքելությունը: Մեր հանդիպումներով փորձում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել կողմերի համար՝  վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: Իսկ արդյոք քննարկումներն ընթանում են այսպես կոչված «լավրովյան»  պլանի շուրջ:

«Դիվանագիտորեն այդ արտահայտությունը չեմ օգտագործի: Կա պլան՝ կազմված 3 մասից: Մանրամասներ չեմ կարող փոխանցել, քանի որ երկու կողմերն էլ ունեն հարցեր, որոնց դեռ բանակցելի են:  Դիվանագիտությունն այս առումով նման է թղթախաղին՝ բոլոր խաղաքարտերը չեն կարող բացվել»:

Արդյոք համանախագահները ձեռք են բերել պայմանավորվածություններ և առաջին դեմքերի հանդիպման համար: Ամերիկացի համանախագահը նկատեց, որ արտգործնախարարների հանդիպումները շարունակվում են, առաջիկայում նույնպես սպասվում են, ամենայն հավանականությամբ Մոսկվայում: Դրանց նպատակը նախագահների հանդիպում նախապատրաստելն է՝ ասաց ամերիկացի համանախագահը և հավելեց՝ այս փուլում փորձում ենք նախապատրաստել այն պայմանները, որ հնարավոր լինի խոսել:

Համանախագահների ոչ հասցեական, երկու կողմերին հավասրապես ուղղվող հայտարարությունների թեմայից ամերիկացի համանախագահը չխուսափեց: Արդյոք վերջին տարվա ընթացքում արձանագրված միջադեպերը նաև այդ հավասարության նշանը պահելու հետևանք չեն: Գուցե մեր հայտարարությունները զգուշավոր են, բայց մենք լավ գիտենք, թե ինչ է կատարվում՝ բազմանշանակ հայտարարեց համանախագահը:

«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում, տեղյակ ենք, թե ինչ է կատարվում: Բայց քանի որ միջազգային միջնորդներ ենք, երբեմն ստիպված են լինում որոշակի տարածություն, որոշակի զգուշավորություն պահպանել: Մենք չեն ուզում փակել բանակցությունների հնարավորությունը, չեն ցանկանում փակել դուռը այս կամ այն կողմից»:

Կա արդյոք որևէ վերջնաժամկետ, թե ոչ հարցին ամերիկացի համանախագահը ժխտական պատասխան տվեց: Չի եղել և չի էլ կարող լինի: Գործում ենք արդեն 23 տարի և դեռ կգործենք, որքան անհրաժեշտ կլինի՝ ասաց Ռիչարդ Հոգլանդը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button