Հասարակություն

Արցախն ամբողջովին ականներից կմաքրվի մինչև 2020 թ


Թբիլիսիում ներկայացվել է «Ականազերծ Լաչին» արշավը, որի շրջանակներում կականազերծվի 31,839 մ² տարածք Լաչինի միջանցքում` Մեղվաձոր գյուղի շրջակայքում: ONEArmenia-ի և  The HALO Trust-ի  համագործակցությամբ մեկնարկելիք ծրագիրը ֆինանասական միջոցների հավաքագրման արդյունքում կավարտվի մինչև տարեվերջ: Իսկ Արցախն ամբողջովին ականներից կմաքրվի մինչև 2020 թ.:

Արցախի Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղի զարգացման մի շարք ծրագրեր իրականություն չեն դառնում ականապատ դաշտերի առկայության պատճառով: Բերձորում (Լաչին) այդպիսի 31 դաշտ կա:

HALO Trust  միջազգային կազմակերպությունը ԱՄՆ կառավարության ֆինանսական օժանդակությամբ արդեն ակազանազերծել է Արցախի ականապատ տարածքների մեծ մասը:  Լաչինի ակազերծումը,սակայն, դուրս էր ծրագրից, քանի որ քաղաքական խնդիրների պատճառով այս տարածքների վերաբերյալ զգուշավորություն է ցուցաբերվում:

Մեղվաձորի շրջակայքում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը փորձում է ապահովել One Armenia կազմակերպությունը, որը դրամահավաք է սկսել աշխարհի տարբեր երկրներում. Կազմակերպության նպատակը, ինչպես հայաստանյան գրասենյակի ղեկավար  Անահիտ  Գալստյանն է նշում, աշխարհասփյուռ հայերին համահայկական ծրագրերի իրակացաման շուրջ համախմբումն է. «Կարևոր տարածքներ են, որտեղ պետք է, որ մարդիկ շարունակեն ապրել, սակայն վտանգը նրանց խանգարում է: Այս տարածքներում գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը բացառված է ականների առկայության պատճառով: Այդ նպատակով մենք սկսեցինք ականզերծման համար դրամահավաքը»:

Թբիլիսահայ Սլավա Մեժդոյանը կազմակերպության կամավոր դեսպանն է Վրաստանում: Նա ասում է`համահայկական ծրագրերը համախմբում են տեղի հայությանը.

«Քառօրյա պատերազմի օրերին անսպասելիորեն զգացվեց Թիֆլիսի հայության համախմբումը: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր եկեղեցի չեն հաճախում, չեն մասնակցում համայնքային միջոցառումներին ու հայերեն չեն խոսում, զանգում և հարցնում էին` ինչպես կարող են օգնել…»:

Մանթաշովների նման բարեգործություն անող հայեր այսօր, ցավոք, չկան Վրաստանում, ասում է Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը` ավելացնելով.

«Այդ մշակույթը կոմունիստական շրջանում իսպառ վերացավ: Թիֆլիսը, որ դարեր շարունակ հայ ազգային կյանքում մեծ դոնոր էր, այսօր դժվարությամբ է ոտքի կանգնում, շատ հաճախ դոնորների կարիք է զգում: Եկեղեցին, ՀԿ-ները փորձեր անում են, իհարկե, Մանթաշովի մեծության գործեր անողներ  չկան, բայց մանթաշովանման մարդիկ կան»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button