Մշակույթ

Այսօր Թատրոնի միջազգային օրն է․ Արմեն Ամիրյանի ուղերձը

Այսօր թատերական գործիչները տոնում են իրենց մասնագիտական՝ Թատրոնի միջազգային օրը։ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ուղերձ է հղել օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Թատրոնի սիրելի′ մարդիկ՝ առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո′ր Թատրոնի միջազգային օրը։
Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը։ Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու։ Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, և եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին։
Նաև ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն։

Շնորհավո′ր, սիրելիներս, և շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը՝ մեր երևակայության, մեր երազանքների տունը։

Սիրով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան»։

Ցուցադրել ավելի
Back to top button