Ստորագրվել է գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության հուշագիրը


Գյուղատնտեսական տարվան ընդառաջ՝ օրերս կառավարությունը հերթական աջակցության ծրագիրը հաստատեց՝ մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրում գյուղացիական տնտեսություններին: Գյուղնախարարությունն ու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն այսօր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում հուշագիր են ստորագրել: Կառույցներն այս փաստաթղթով կաշխատեն տեղեկատվությունը գյուղացիներին հնարավորինս արագ ու մատչելի հրամցնել:
Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղատնտեսությունը մեր երկրում գերակա ուղղություն է հռչակված: Կառավարությունն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, սակայն գյուղացին դժգոհ է։
Կառավարության ղեկավարը նաև պարզել է՝ գյուղացին ոչ միայն դժգոհ է, այլ նաև անտեղյակ: Ի դեպ, ոչ միայն նոր, այլ նաև՝ աջակցության հին ծրագրերից: Գյուղատնտեսության փոխանախարար Ռոբերտ Մակարյանը սրա հետ համաձայն չէ։
Օրերս կառավարությունը հաստատեց աջակցության նոր ծրագիր՝ մատչելի պայմաններ գյուղատեխնկայի ձեռքբերման համար՝ լիզինգի միջոցով՝ 20 տոկոս կանխավճար, 9 տոկոս սուբսիդավորում, որից յոթն իր վրա է վերցնում կառավարությունը, վեցից տասը տարի մարման ժամկետ ու անհրաժեշտ նոր գյուղտեխնիկան կօգնի գյուղացուն: ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրեն Վահրամ Պողոսյանը վստահեցնում է՝ ծրագիրը նոր է սկսվել, սակայն հետաքրքրվողներ արդեն կան, հատկապես, որ, զրուցակցիս պնդմամբ, դիմողները վճարունակ են։
ՓՄՁ ԶԱԿ-ի Տեղական տնտեսական զարգացման և ոլորտային աջակցության ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Դադոյանը նշում է՝ շարքացանը, տրակտորը, կոմբայնն ու կուլտիվատորն ամենապահանջված տեխնիկան են: Գյուղտեխնիկայի պահանջարկը մեծ է հատկապես Շիրակում, Արմավիրում, Արագածոտնում և Գեղարքունիքում:
Կոնկրետ այս ծրագրի մասին գյուղացիները տեղեկատվություն ու խորհրդատվություն կարող են ստանալ ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային կենտրոնների ու ԳԱՄԿ-ի միջոցով: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշում է. «Շուկան բաց է ու այն ընկերություններն ու մատակարարները, ովքեր կընդունեն ծրագրի պայմանները, կարող են միանալ ծրագրին»։
Փոխնախարարը վստահ է՝ որքան շատ լինեն մատակարարներն տեխնիկան ավելի մատչելի կլինի: