Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։

Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություններն ու ծայրահեղական դրսևորումները, որոնք չունեն որևէ արդարացում և մարտահրավեր են՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Վստահ ենք, որ Մեծ Բրիտանիայի բարեսեր իշխանությունները կարող պիտի լինեն կանխարգելելու նմանօրինակ ոճրագործությունները՝ ապահովելով աստվածասեր Ձեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվրդով կյանքը։

․․․Թող Երկնավոր Տերը պահապան լինի Մեծ Բրիտանիային և զորակից լինի Ձեզ և բարեպաշտ Ձեր ժողովրդին», — ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցական նամակում։

Ցուցադրել ավելի
Back to top button