Քաղաքական

Քաղաքական ուժերն ամփոփել են քարոզարշավի անցած շրջանը


Լրագրողների հետ այսօրվա հանդիպումներում խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերի եւ դաշինքների ներկայացուցիչներ ամփոփել են քարոզարշավի անցած շրջան, կիսվել տպավորություններով ու խոսել ակնկալիքների մասին:

ՕՐՕ դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Սուսաննա Մուրադյանն ասաց, թե գոհ է իրենց անցկացրած քարոզարշավի ընթացքից՝ չնայած մի շարք խոչընդոտների ու իրենց նկատմամբ ի հայտ եկող ինչ-ինչ խոչընդոտների: Նա, սակայն, դաշինքի շանսերը գնահատելու եւ ակնկալիքների վերաբերյալ հարցին ի պատասխան նախ ակնարկեց, որ չի հավատում սոցիոլոգիական հարցումներին, ապա հավելեց. «Եթե իրական արդար, ազատ ընտրություններ լինեն, ապա  իհարկե ունեմ ակնկալիքներ կապված մեր դաշինքի հետ»:

Կումկուսի ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք հպարտորեն կարող են ասել, որ ծաղկուն եւ արդյունաբերական երկիր են թողել ու չեն քանդել, իսկ 70 տարվա ձեռքբերումները, նրա ձեւակերպմամբ, քանդվել են կոմունիստներից հետո: Կոմունիստներն այս ընթացքում բացատրել-վստահեցրել են  ընտրողներին, որ իրենց ձայն տալով՝ արդյունաբերության զարգացման օգտին են քվեարկելու: Այն իրենց ծրագրի առաջնային ուղղությունն է:

« Որովհետեւ բյուջե մուտքագրել գումարներ ուրիշ միջոցներով՝ ես չեմ տեսնում: Ժամանակին, որ ասում էին, թե մենք մեր հանքային ջրերով երկիր կպահենք, դուրս եկավ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Մենք պիտի աշխատենք, որ ունենանք արդյունաբերություն, բանվոր դասակարգ: Մեր բանվորությունը պիտի աշխատանք չփնտրի դրսում, պիտի աշխատի մեր երկրում»:

Քարոզարշավի ընթացքը ոչ բավարար գնահատեց ՀՎԿ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Կարինե Հակոբյանը:

Ասաց, որ տեսնում է ե՛ւ խտրականություն, եւ՛ անարդարություն, ե՛ւ ֆինանսների կարեւորում, ինչն, ըստ նրա, ընտրությունից-ընտրություն ավելի է զարգանում է՝ դրա դեմն առնելու փոխարեն:

Պատգամավորության թեկնածուն, այդուհանդերձ, կարծում է, որ ՀՎԿ-ն կարողացել է ընտրողներին ներկայացնել իր ծրագիրը, որը եւ ոսկյա միջինն է Հայաստանի զարգացման համար եւ հենց դրա ու նաեւ կազմակերպված ուժ լինելու շնորհիվ էլ, համոզված է, Հայկական վերածնունդը կունենա մեծ արդյունքներ:

Իրենց դաշինքի շանսերը «Ծառուկյան» դաշինքի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսպիսի ձեւակերպմամբ բնութագրեց՝ հակադարձելով այս ուժի՝ ընդդիմություն չլինելու վերաբերյալ հնչած դիտարկումներին:

«Ծառուկյան» դաշինքը միակ քաղաքական ուժն է Հայաստանում այսօր, որից հանրապետականները որոշակիորեն «քաշվում են» այն առումով, որ գիտակցում են, որ միայն Ծառուկյան դաշինքն է ներկապնակում առկա ուժերից, որ կարող է հաղթել իրենց այս ընտրություններում: Մնացած քաղաքական ուժերը, ցավոք սրտի, լուծում են 5 կամ 7 տոկոս հաղթահարելու խնդիրը: Անկախ նրանից, թե սա ինչքանով է հաճելի կամ տհաճ շատերի համար, բայց սա իրողություն է»:

Նույն՝ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ անդամից՝ Գեւորգ Պետրոսյանից էլ այսօր լրագրողնեը հետաքրքրվեցին, թե՝ արդյո՞ք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ: Նա նույնպես շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է:

«Մենք որեւէ մեկի հետ որեւէ համաձայնություն չունենք: Մենք գնում ենք մեր սեփական ծրագրով: Ընտրությունների արդյունքը ցույց կտա: Եթե ես հիմա ասեմ, որ մենք կոալիցիան չենք բացառում, ապա դա ընդամենը այն ճշմարտության շրջանակներում, որ քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել «երբեք», բայց, կրկնում եմ, այս պահին մենք որեւէ ուժի հետ, այդ թվում նաեւ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու ծրագիր չունենք: Մենք գնում ենք քաղաքական մեծամասնություն վերցնելու: Երբ որ մենք կլինենք մեծամասնություն, էն ժամանակ մենք կլսենք առաջարկներ եւ կորոշենք՝ ընդունենք այդ առաջարկները, թե՝ ոչ: Մենք այս պահին որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելու նպատակ, միտում չունենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button