Քաղաքական

Քաղաքական ուժերը խուսափում են մեկնաբանել Սամվել Բաբայանի ձերբակալությունը


Քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության փաստը՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե հետընտրական հնարավոր գործընթացներում, ասենք ինչ պայմաններում պետք է կիրառվել «Իգլա» տիպի զենիթահրթիռային համալիրը: Ցանկացած խոսակցություն կամ վերլուծություն այս թեմայով սակայն տեղի է ունենում ոչ հրապարակային: Քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների մեծ մասը այս պահի դրությամբ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից՝ շատ դեպքերում պարզապես հայտարարելով, որ ասելու բան չունեն: Գործիչների մի մասը հորդորում է ողջամիտ լինել, առաջ չընկնել եւ սպասել իրավապահների վերջնական հայտարարությանը:

Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը չեն շտապում գնահատել եւ կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կունենա ընտրական գործընթացներին դե յուրե չմասնակցող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը ընտրական կամ հետընտրական գործընթացների վրա: Շատերը խուսափում են, շատերը պարզապես խորհուրդ են տալիս սպասել իրավապահ մարմինների աշխատանքի ավարտին: Այս հարցում հստակ դիրքորոշում ունի միայն ՕՐՕ- ն եւ առաջին իսկ պահից դաշինքի տարբեր անդամներ քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ են անում եւ խոստանում Սամվել Բաբայանի համար պայքարել «մինչեւ վերջ»: Այսօր էլ Ազատամարտիկների դաշինքի անդամներից, ՕՐՕ դաշինքով պատգամավորության թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Ես ասում եմ ու փաստում եմ, վերջապես իշխանությունը տեսավ իրական ընդդիմություն»:

Հանրապետականները, ի դեմս կուսակցության մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովի, արդեն անդրադարձել են խնդրին՝ հորդորելով եզրակացություններում չշտապել, սպասել նախաքննության մարմնի աշխատանքի ավարտին: Շարմազանովը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից նաեւ այն պատճառով, որ իբրեւ կուսակցության ղեկավար մարմնի անդամ եւ իբրեւ Աժ փոխնախագահ՝ իր կարծիքները չդիտվեն որպես ուղղորդում եւ միջամտություն նախաքննությանը:

Նախընտրական եւ ընտրական շրջանում ցանկացած ձերբակալության հիմքում կասկածելի խմորումներ կարելի է տեսնել՝ կարծում է «Ծառուկյան» դաշինքից Արարատ Զուրաբյանը: Ոչինչ չի բացառում, բայց նախ՝ լուրջ հիմնավորումների կարիք է զգում: Կարծում է, որ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի:

«Ազատ դեմոկրատներ»-ից պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը նույնպես այս պահին շատ բան չի կարող ասել: Ոչ փաստաբանը, ոչ էլ ինքը` Սամվել Բաբայանն որեւէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել՝ ասում է:

Քաղաքական պայքարի տարրեր ՕՐՕ դաշինքի կողմից նախընտրական շրջանում, Ստեփան Սաֆարյանը համենայնդեպս չի տեսել: Իրավիճակի շուրջ մեկնաբանություններից խուսափում է նաեւ «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ահա այսպես, շատերը պարզապես հրաժարվում են մեկնաբանություններից, շատերն էլ՝ շարունակում իրենց քարոզարշավի սովորական ընթացքը՝ չանդրադառնալով ձերբակալությանը՝ սպասելով իրավապահների վերջնական եզրակացությանը: Հիշեցնենք՝ փաստաբան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը չի ընդունել իրավապահների կասկածները: Վաղը կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Ցուցադրել ավելի
Back to top button