Տնտեսական

Հանքարդյունաբերություն. աշխատատեղեր ապահովող եւ քննադատության արժանացող ճյուղ


Հայաստանը դարձել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր: Նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու  կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է 51 երկիր: ՀՀ-ն թեկնածության հայտը ներկայացրել է նախորդ տարեվերջին, իսկ մարտի 9-ին մեր երկրին շնորհվել է թեկնածու երկրի կարգավիճակ: Երևանում այսօր  միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված արդյունահանող  ճյուղերի թափանցիկության նախաձեռնության  թեկնածու  երկիր դառնալուն: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել  է. «Ամենակարևորը  ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը շարունակաբար միավորելու իրենց ջանքերը՝ ապահովելու առավել մեծ թափանցիկություն և նպաստելու մաքուր, պատասխանատու ու ինքնաբավ հանքարդյունաբերությանը»:

Հանքարդյունաբերությունը Հայաստանում աշխատատեղեր ապահովող՝ միաժամանակ ամենաշատը քննադատության արժանացող ճյուղն է։ Այս ոլորտում խնդիրների պակաս չկա. բնապահպանական, սոցիալական, առողջապահական։ Բնապահպանները դրանք չեն տարանջատում, վստահեցնում են՝ ռիսկերը ոչ միայն շատ են, այլ նաև մտահոգիչ:

Բնապահպանական խնդիրներով զբաղվող  կազմակերպություններից մեկի համանախագահ Արթուր Գրիգորյանից  փորձեցինք պարզել՝   Հայաստանն արդյոք ունի՞ հանքարդյունաբերող որևէ ընկերություն, որը կարող է օրինակ լինել մյուսների համար, աշխատում է՝ հնարավորինս զերծ մնալով բնապահպանական ռիսկերից. «Այս պահի դրությամբ Հայաստանում չկա այնպիսի օրինակ, որ հանքարդյունաբերության որևէ մի օբյեկտ աշխատի միջազգային ստանդարտներին համապատասխան: Ես չէի առանձնացնի սոցիալական, բնապահպանական ու առողջապահական ռիսկերը: Եթե հողը, ջուրը աղտոտվում է, դա ի վերջո հասնում է մարդու առողջությանը, ինչն էլ վատթարացնում է սոցիալական վիճակը»։

Զրուցակիցս վստահեցնում է՝ համապարփակ ուսումնասիրություն էլ չկա, թե մարդկանց առողջությանն ինչ վնաս է հասցնում հանքարդյունաբերությունը: Իր կարծիքով՝ պատկերը մտահոգիչ է հատկապես Սյունիքում ու Լոռիում:

Էական ռիսկերը մետաղական հանածոների հետ են կապված, քանի որ այդտեղ աղտոտման ծավալներն են շատ:  Ընդհանուր առմամբ, ոլորտը Գրիգորյանը անպատասխանատու է բնորոշում:

ՀԲ-ի «հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան » զեկույցի համաձայն, վերջին 14 տարում օգտակար հանածոների ու քարերի արդյունահանման ոլորտը ՀՆԱ-ի մասնաբաժնում կազմում է 2,2 տոկոս: Վերջին հինգ տարում արտահանումից ոլորտի ստացած տարեկան մուտքը կազմել են մոտ 500 մլն դոլար:

Այսուհետ հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական հատվածն ավելի թափանցիկ կլինի,  կաշխատի նոր չափանիշերով: Այդ նպատակով ավելի աչալուրջ կլինի  քաղաքացիական հասարակություն- բիզնես- կառավարման համակարգ եռանկյունին: Հայաստանը հայտ է ներկայացրել, որպեսզի դառնա արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի անդամ:

Պետություն մասնավոր  համագործակցությունը կարևորում է կառավարության ղեկավարը: Նա շեշտում է Հայաստանի ցանկությունը  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին միանալու փաստը: Մեր երկիրն արդեն թեկնածու անդամ է: Այժմ լիիրավ անդամ դառնալու ճանապարհին է:  Բարդ ու կարևոր ոլորտ է հանքարդյունաբերությունը:

Բնապահպանական խնդիրներով զբաղվող  կազմակերպություններից մեկի համանախագահ  Արթուր  Գրիգորյանը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտն անպատասխանատու է բնորոշում։ Մասնավոր հատվածն էլ  հակադարձում է, կարեւորում համագործակցությունը:

Միջազգային կառույցները խոստանում են՝ կշարունակեն աջակցել Հայաստանին՝ հանքարդյունաբերության ոլորտն առավել թափանցիկ դարձնելու հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button