ԿարևորՔաղաքական

Ինչպես կձեւավորվի կայուն մեծամասնությունն առաջիկա խորհրդարանում


Նոր ընտրակարգի կարևոր նորամուծություններից մեկը կայուն մեծամասնության ինստիտուտի ներդրումն  է: Այն ենթադրում  է, որ ապագա խորհրդարանում մեկ կուսակցություն, դաշինք կամ կոալիցիա պետք է ունենա մանդատների բացարձակ մեծամասնությունը: Դրա շեմն,  ըստ Ընտրական օրենսգրքի, մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսն է: Քանի որ հաջորդ խորհրդարանում մանդատների թիվը 101 է, սա նշանակում է, որ կայուն մեծամասնությունը ԱԺ-ում պետք է ունենա առնվազն 54 մանդատ: Ինչ է լինում այն դեպքերում, երբ այդքան ձայն որևէ կուսակացություն չի հավաքում կամ ինչ պետք է անեն կուսկացություններn  այդքան ձայն միասին ունենալու համար: Ընտրական օրենսգքրի բարդ սահմանումները «Ռադիոլուրն» է փորձել պարզեցնել:

 

Ընտրական օրենսգրքի ամենաքննարկված ու թերևս ամենավիճահարույց կետերից մեկը կայուն մեծամասնության ինստիտուտի ներդրումն էր: Հեղինակների փաստարկով՝ նպատակը խորհրդարանական համակարգին բնորոշ ճգնաժամային իրավիճակներըկանխելու մեխանիզմներ ունենալն է, ընդդիմախոսների կարծիքով՝  կայուն մեծամասնությունը քաղաքական մենաշնորհ ունենալու հնարավորություն է տալիս: Թեր և դեմ կարծիքներն այս փուլում  թողնելով մի կողմ ՝ փորձենք հասկանալ, թե ինչ մեխանիզմներ է առաջարկում օրենսգիրքը կայուն մեծամասնության ձևավորման համար:

Նախ՝ հիշենք, որ խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունը պետք է ստանա կողմ քվեարկված քվեաթերթիկների 5, իսկ դաշինքը՝  7 տոկոսը: Ի դեպ, թե  ինչպես են բաշխվելու մանդատները, օրենսգիրքը բավական բարդ բանաձև է առաջարկում: Եթե ընթերցեմ, ապա այն կհնչի մոտավորապես  այսպես. յուրաքանչյուր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Չխորանալով բանաձևի մեջ, պարզապես նկատենք. օրենսգքրքի տրամաբանությամբ՝ կայուն մեծամասնությունը խորհրդարանում 54 մանդատն է: Եթե մասնակիցներից որևէ մեկին հաջողվի միանգամից հենց այդքան ՝ 54 մանդատ ձեռք բերել, ապա ընտրական գործընթացը հենց այդ կետում էլ կավարտվի: Սա նշանակում է՝ ԱԺ-ն ձևավորված է:

Եթե ոչ, շարունակության 2 սցենար կա: Միջանկյալ տարբերակը՝ եթե ուժերից մեկը ստանա մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, այսինքն 50+1,  բայց 54 տոկոսից պակաս, ապա կստանա  բոնուսներ՝ լրացուցիչ մանդատներ այնքան, որ մանդատների թիվը հասնի 54-ի:

Դավիթ Հարությունյանը հատուկ ընդգծում է, որ բունուսը ի հաշիվ այլ կուսակցությունների չի լինի:

Երրորդ սցենարը, որն ըստ  նախագծի հեղինակների, ամենահավանականն է:

Մանդատների նախնական բաշխումից հետո  6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, ըստ օրենսգրքի, կարող է քաղաքական կոալիցիա կազմել, բայց  առավելագույնը 2  կուսակցության հետ: Նպատակը մեծամասնությունն ստանալն է, նախապայմանը՝ համաձայնությունը վարչապետի թեկնածուի շուրջ:

Մանդատներն այս դեպքում բաշխվելու են նույն ձևով, եթե կոալիցիայի մանդատները 50-ից ավելի են, բայց 54-ից պակաս, ապա կոալիցիան լրացուցիչ մանդատներ է ստանում, այնքան, որ հասնի 54 տոկոսին:

Եվ վերջապես երրորրդ տարբերակը. ընտրությունների երկրորդ փուլ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների շուրջ կարող են ձեւավորվել նոր դաշինքներ: Եթե առավելագույն կողմ ձայներ  ստացած երկու ուժերը միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ ձայներ  ստացած, բայց նոր դաշինքի կազմի մեջ չմտած  հաջորդ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):

Այս կետից ընտրական ցիկլն ըստ էության կրկնվում է: Թե այս տեսական բարդ բանաձևումները գործնականում ինչ արտացոլում են ստանալու, որոշակիորեն կուրվագծվի ապրիլի 3-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button