Քաղաքական

Ընտրական հանձնաժողովների անդամները մասնակցում են ԿԸՀ վերապատրաստման դասընթացներին


Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Արմավիրի մարզի թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը ընտրախախտումներ չի գրանցել: Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ծանոթացնելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները մասնակցում են ԿԸՀ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին:

Ազգային ժողովի ընտրություններին կարճ ժամանակահատված է մնացել՝ 10 օր: Նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցված բոլոր կուսակցություններն ու դաշինքները, նրանց վարկանիշային ու համապետական ցուցակով ընտրվող թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում ընտրողներին հավատացնելու, որ իրենք են միակ ճիշտ ուղին ընտրել երկիրը ծանր դրությունից դուրս բերելու և  բնակիչների համար գեղեցիկ ու բարեկեցիկ կյանք ստեղծելու համար: Տրվում են բազմաթիվ խոստումներ: Թեկնածուներից ոմանք այդ ամենն անում են հրապարակայնացնելով ընտրախախտումը, ոմանք՝ ներքին համաձայնության գալով բնակիչների հետ:  Լինելով Արմավիրի մարզի թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովում փորձեցի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանից  պարզել՝ արդյոք ընտրախախտումների վերաբերյալ գրավոր կամ բանավոր բողոքներ եղել են:

,,Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողով որևէ դիմում, բողոք չի եղել: Քարոզչությունը կարծես թե անցնում է ավելի քաղաքակիրթ ձևով, մեր հանձնաժողովի անդամները պարբերաբար հետևում են,,:

Թիվ 14 ընտրատարածքում  ընտրությունների օրը գործելու է  58 ընտրատեղամաս, նախկին 51-ի փոխարեն:  Այս ընտրատարածքի համայնքների թիվը համալրվել է  Ջրառատ, Ջրարբի, Գրիբոյեդով, Ապագա, Լուսգյուղ և Ակնաշեն գյուղերով, որից  արդեն քրեական հանցագործությամբ հայտնի Ջրառատ գյուղում  գործելու է 2 ընտրատեղամաս:   Տեղամասային ընտրական հանձնաժողովները հիմնականում կազմավորվել են, որոնց մասին կարելի է տեղեկանալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջում: Սակայն հանձնաժողովների կազմը դեռ փոփոխվում է՝ ներկայացնելով դիմումներ ինքնաբացարկի մասին:

Ընտրական օրենգրքի փոփոխությունները յուրացնելու և ընտրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով ԿԸՀ  տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպում է  վերապատրաստման դասընթացներ՝ գործնական պարապմունքներով:

Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը նշեց, որ տեղամասային հանձնաժողովների անդամները հիմնականում տեղյակ են  ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

,,Կան մարդիկ, որ սկսել են ըտրական օրենսգիրք կարդալ, ես ուրախությամբ կարող եմ դա ասել,,-ասաց Գրիգոր Նազարյանը և նշեց, որ կուսակցություններն ավելի պատասխանատվությամբ են սկսել վերբերվել խնդրին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների  աշխատանքից է  նաև  որոշվում ընտրություների ելքը: Մինչև ընտրությունները ընտրողները հնարավորություն ունեն թե պետռեգիստրով և թե ընտրատեղամասերում փակցված ընտրացուցակներով ճշտելու ընտրացուցակներում իրենց ընդգրկվածության մասին և ճշտումներ կատարել՝ այդ մասին տեղյակ պահելով լիազոր մարմնին: Արմավիրի մարզում ընտրողների նախնական թիվը 232 232 , որից ՝  թիվ 14 ընտրատարածքում՝ 87 000  ընտրող:

Ցուցադրել ավելի
Back to top button