Հասարակություն

Գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:

Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:

Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը` ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու և անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Գլխավոր դատախազությունը ներկայացրել է նաև նորանշանակ զինվորական դատախազի կենսագրությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button