Քաղաքական

Սամվել Բաբայանի ձերբակալությունը կազդի՞ քաղաքական գործընթացների վրա


17 տարվա ընդմիջումից հետո երեկ կրկին ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: 2000 թվականին նա ձերբակալվել էր ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Երեկ Սամվել Բաբայանը՝ եւս երկու անձի հետ, ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ կողմից մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի ներկրման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

«Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը հիմնականում կիրառվում է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների ոչնչացման համար: Համալիրը նախատեսված է զինվորական ստորաբաժանումների աջակցության, ինչպես նաեւ մարտավարական ավիացիայի ինքնաթիռների օդային գրոհներից ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների պաշտպանության համար, մարտական ուղղաթիռների կրակային աջակցության, ինչպես նաեւ թեւավոր հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար: Սա տեխնիկական նկարագիրն է այն զինատեսակի, որի՝ Վրաստանից Հայաստան մաքսանենգ ներկրման մեղադրանքով երեկ ձերբակալվեց  ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է լուրը, թե իր տարածքով տեղափոխվել են ռուսական ռազմատեխնիկա: Հայաստանի ԱԱԾ-ից հայտնում են, որ աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլա» համալիրի՝ Հայաստան տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար: Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այս դեպքում ավելի շատ վստահում է Հայաստանի ԱԱԾ, քան՝ Վրաստանի  պաշտպանական գերատեսչությանը:

Ցանկացած կարծիք արտահայտելիս՝ Իսագուլյանը նախ վկայակոչում է իր «մոտիկից» ծանոթ լինելը թե ԱԱԾ-ին, թե ծառայության ղեկավար Կուտոյանին, թե հենց Սամվել Բաբայանին: Այսօր այս փուլում կարեւոր է համարում կատարվածում քաղաքական ենթատեքստ չփնտրելը եւ շեշտը դնում է անմեղության կանխավարծակի վրա՝ քանի դեռ կայացված վճիռ չկա Սամվել Բաբայանին մեղավոր չհամարել:

Հարցն արդեն քաղաքականացվել է: Դեպքին անմիջապես արձագանքել է «ՕՐՕ» դաշինքը: Առաջնորդները հայտարարել են, որ «այս վարքագիծը գնահատում ենք որպես վախի մթնոլորտ ձեւավորելուն եւ ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ»։

Սա ասվում է այն դեպքում, երբ նախընտրական գործընթացներում Սամվել Բաբայանը բոլորովին ներգրավված չէ: Սակայն քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համար դեպքերի նման զարգացումը կանխատեսելի էր:

 

Այս դեպքերից հետո կարծիքներ են հնչում եւ չեն բացառվում նաեւ նոր ձերբակալություններ: Դեպքերի նման զարգացում կանխատեսել է ՕՐՕ դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Նա խոսել է, մասնավորապես իր հնարավոր ձերբակալության մասին: Այս պահի դրությամբ քրեական գործի շրջանակներում ձերբակալված է եւս երկու անձ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:

Ստեղծված իրավիճակը կարող է մասնակի եւ ժամանակավոր ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա՝ կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Համոզված է՝  դաշինքին ուղեկցող իրավիճակի լարումը, կոնֆլիկտները, կրակոցները, ծեծը եւ այլ դրսեւորումներն ի վերջո բերելու էին նման հանգուցալուծման:

Այսօր արդեն տեղի է ունեցել Սամվել Բաբայանի հարցաքննությունը: Այն տեւել է շատ կարճ եւ Բաբայանը չի ընդունել իրավապահների կասկածները, լրագրողներին փոխանցել է փաստաբան  Ավետիս Քալաշյանը: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ փաստաբանն ավելին չի խոսում: Նշենք, որ վաղը կեսօրին կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Ցուցադրել ավելի
Back to top button