Մշակույթ

Չփակենք մեր դռները եւ միայն դուդուկ նվագենք. «Music Drive» փառատոնի մասնակիցները Հայաստանում են


Մարտի 24-ին Երևանում կմեկնարկի «Music  Drive» միջազգային ռոք փառատոնը, որի   նախաձեռնողն ու կազմակերպիչն են՝  Հայաստանի մշակույթի նախարարությունը և «Ռոք» ասոցիացիան: Աջակիցն է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը»: «Music  Drive» միջազգային ռոք փառատոնը Հայաստանում կազամկերպվում է առաջին անգամ և հավակնում է դառնալ  ամենամյա: Համերգները տեղի կունենան  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում, կլինեն նաև ակումբային  ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում:


«Music  Drive» միջազգային ռոք փառատոնի արտասահմանցի մասնակիցներն արդեն ժամանում են Հայաստան: Նրանց թվում են ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում  ելույթ ունեցող հայտնի խմբեր՝ Շվեյցարիայից, Շվեդիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և այլն: Արտասահմանյան և հայասատանյան հայտնի  և իրենց հայտնության ճանապարհը սկսած ավելի քան 20 խմբեր հանդես կգան փառատոնի երեք օրերին՝ մարտի 24-ին, 25-ին և 26-ին:

«Պետք է գալ, լսել, տեսնել, հաճույք ստանալ և կարոտել՝ մտածելով, թե ե՞րբ է այն կրկնվելու»,-ասում է փառատոնի գլխավոր համակարգող  Վարդան Գրիգորյանը: Փառատոնն , ըստ նրա, աննախադեպ է ժանրային ընգրկմամբ ու բազմազանությամբ:

«Միաժամանակ, նույն տարածքում այսքան տարբեր խմբեր, տարբեր երկրներից: Երեք օր այս մթնոլորտում ապրելը մեզանում նորամուծություն է, և հուսանք, որ այն  շարունակություն կունենա: Իրականում մենք քաղաքակիրթ աշխարհի կարևոր մաս ենք կազմում և միշտ եղել ենք այդպիսին: Պետք չէ փակվել, առանձնանալ: Պետք է հարաբերվել աշխարհի հետ: Փառատոնի գաղափարը, թերևս, սա՛ է»:

«Աշխարհին ներկայանալու մեր կերպը  չպետք է լինի զուտ ստացած պատմամշակութային ժառանգությունը : Մենք ունենք հրաշալի խմբեր, ժամանակակից արվեստի կարևոր դրսևորումներ, որոնք  ամրագրելու, միջազգային տիրույթում դրանք դիրքավորելու խնդիր ունենք:  Այդ իմաստով այս փառատոնը շատ կարևոր է»,- ասում է «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» կազմակերպության նախագահ Արա Խզմալյանը:

«Ցավում եմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները հաճախ տեղյակ չեն, թե ի՞նչ է կատարվում մշակույթի ոլորտում: Կա մշակված գիծ՝ եկեղեցուց եկեղեցի, Խոր Վիրապից Էջմիածին, Էջմիածնից Մասիսի փեշեր: Եվ 25 տարի շաժվում ենք միևնույն ուղղությամբ: Կարծում եմ, որ մշակութային նման գրավիչ ու հետաքրքիր նախագծերը ևս պետք է ընդգրկվեն այդ ծրագրերում»,-ասաց Խզմալյանը:

Ռոք փառատոնի կազմակերպիչները չեն բացառում, որ հետագայում այն կընդլայնի աշխարհագրությունը՝ շարժվելով դեպի մարզեր. Գյումրի, Վանաձոր, ինչու չէ նաև Արցախ: Սա հետագա ծրագրերի ցանկում է, իսկ այժմ առաջին միջազգային ռոք  փառատոնը լավագույնս կազմակերպելու խնդիր է դրված: Եվ այսպես ՝ երեք օր Երևանը ռոք է լսելու: «Չեք վախենում, որ նախընտրական քարոզարշավը կթուլացնի  փառատոնի  հանդեպ հետաքրքրությունը»,-լրագրողի հարցին ի պատասխան Արա Խզմալյանն արձագանքեց.« Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը սովորի ապրել ընտրություններից անկախ»:

Ցուցադրել ավելի
Back to top button