Հասարակություն

Հայերի գյուտերը՝ կարճ, բայց բազմաբովանդակ տեսահոլովակում

Doping Creative գործակալությունը երեկ համացանցում տեղադրեց մի տեսահոլովակ, որտեղ ներկայացվում էր հայերի կատարած հայտնագործությունների մասին, հայտնագործություններ, որոնց շնորհիվ հեշտացվել է մարդկանց կյանքը:

Տեսահոլովակը ընդամենը 1,5 րոպե է, բայց դա բավարար է գեղեցիկ կերպով աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնելու հայ գյուտարարների աշխատանքների մասին: Տեսահոլովակում անդրադարձ է կա MIG ինքնաթիռների, բանկոմատների, գունավոր հեռուստացույցի ստեղծմանը և այլ գյուտերի մասին։

Գործակալության նախագծերի ղեկավար Ալինա Շիբոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ նման տեսահոլովակ պատրաստելու գաղափարը մեկն է եղել. աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնել ու ներկայացնել հայերի նորարարական մոտեցումներն ու գիտական մտքի թռիչքները։

«Ստեղծագործական թիմը սկսեց ուսումնասիրել պատմական փաստերը, կատարվեցին ուսումնասիրություններ, ու երբ արդեն պատրաստ էր հայ գյուտարարների ցանկը, որոշեցինք պատրաստել այնպիսի տեսահոլովակ, որտեղ պարզ կերևա մեր ազգի ներուժը,միտքը, ուղեղն ու նորարարական գաղափարներ ստեղծելու ձգտումը»,- ասաց է Ալինա Շիբոյանը:

Նկատենք, որ այս տեսահոլովակը վարչապետ Կարեն Կարապետյանը տեղադրել էր իր Ֆեյսբուքյան էջում։ «Մեր ազգի միտքն ու երևակայությունն անսպառ են։ Նպատակային ներդրումների դեպքում նորարարությունների այս ցանկն անվերջ կշարունակվի»։

Այս քայլից հետո համացանցում քննարկումներն ստացան քաղաքական երանգ: Ալինա Շիբոյանը ասում է, որ իրենց համար դա կանխատեսելի դարձավ այն պահից, երբ վարչապետը տեղադրեց այն իր Ֆեյսբուքյան էջում։ Տեսահոլովակը ոչ մի աղերս չունի քաղաքականության հետ՝ շեշտում է Ալինա Շիբոյանը։

«Դա այդպես էլ պետք է լիներ, ու մենք շատ ադեկվատ ենք վերաբերվում դրան, բայց այս տեսահոլովակը բացարձակ քաղաքականացված չէր։ Սա ուղղակի տեսահոլովակ էր, որ ներկայացնում է մեր գիտական ներուժը»,- ասաց նա։

Ալինան ասում է, որ շատերը տեսահոլովակից են տեղեկացել մի շարք հայտնագործությունների մասին, որոնց հեղինակները մեր հայրենակիցներն են։

Ցուցադրել ավելի
Back to top button