ԿարևորՀասարակություն

Այսօր տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման արարողությունը

Երուսաղեմում Ս. Հարության տաճարում այսօր տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման արարողությունը:

Արարողությանը մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա է եղել նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ բարձաստիճան այլ հյուրեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում հրապարակել է նկար հետեւյալ գրությամբ՝ «Հայկական թափորը գնում է Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերաբացմանը»:

«Սուրբ Հարության տաճարում հնչում է Հայկական հոգևոր երաժշտությունը»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը:

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը:

Անցած տարվա մայիսին Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկել են Սուրբ Գերեզմանի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաեւ հայ ճարտարապետները։

Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Ցուցադրել ավելի
Back to top button