Քաղաքական

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հետեւողականորեն շարունակելու է առաջ տանել հայկական շահերը.դեսպան


Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հետեւողականորեն շարունակելու է առաջ տանել հայկական շահերը եւ համակիրների հետ ամրապնդել Հայաստանի ու հայկական լոբբինգը: Այս մասին այսօր վստահեցրել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ ունեցած այսօրվա տեսաասուլիսի ժամանակ պատասխանելով Հանրային ռադիոյի հարցադրումներին:


Նախորդ տարի Էրմիտաժում հայկական կողմը նախաձեռնել էր ցուցահանդեսի անցկացում, ինչը, սակայն, չեղյալ հայտարարվեց Ադրբեջանի պահանջով: Ադրբեջանական լոբբինգին հաջողվել է կասեցնել նաեւ Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում հայկական կողմի նախաձեռնած մի դասախոսություն: Այս տարվա ընթացքում էլ  Ռուսաստանում կազմակերպվող տուրիզմի ամենամյա ցուցահանդեսին Հայաստանն իր տաղավարում պատրաստվում էր ներկայացնել նաեւ Արցախը, ինչը, սակայն, արգելել էր ցուցահանդեսի կազմակերպիչ կողմը: Արդյունքում՝ Հայաստանն այդ ցուցահանդեսում տաղավար չունեցավ, փոխարենը՝ Ադրբեջանը ցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց տուրիստական բուկլետներ, որոնցում Արցախը ներառված էր որպես սեփական տուրիստական ուղղություն: Արդյո՞ք սրանք չեն խոսում հայկական դիվանագիտության՝ հատկապես լոբբիստական աշխատանքների ուղղությամբ բացթողումների մասին եւ ի՞նչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ ՌԴ-ում մեր երկրի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Ի պատասխան «Ռադիոլուր»-ի հարցադրմանը՝ Վարդան Տողանյանը նկատեց, որ մեր հարեւաններն առատորեն օգտվում են լոբբիստական ծառայություններից, ապա վստահեցրեց, որ այդ ուղղությամբ հետեւողականորեն շարունակելու է ակտիվորեն աշխատել՝ առաջ տանելով  հայկական շահերը, այդ թվում՝ Արցախյան խնդրով.

«Պետք է շարունակենք զբաղվել եւ առաջ տանել մեր շահերը եւ պետք է զբաղվենք մեր հայրենակիցների ու մեր համակիրների հետ Հայաստանի եւ հայկական լոբբիզմով: Հույսով եւ համոզված եղեք, որ մենք զբաղվելու ենք եւ ուժեղացնելու ենք»:

Վարդան Տողանյանն այսօր նաեւ ասաց, որ մտադիր է ակտիվորեն օգտագործել սոցկայքերը՝ Հայաստանի  իմիջն ու մշակույթը տարածելու նպատակով։

Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռուսաստանի որոշ քաղաքներում մասնավորապես կենցաղային մակարդակում ակնհայտորեն ոտնահարվում են մեր համաքաղաքացիների շահերը եւ նման փաստերի անդրադարձել են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներ՝ Վարդան Տողանյանն այսպես արձագանքեց. «Նման դեպքեր կան, մենք իհարկե արագ արձագանքում ենք»:

ՌԴ-ում մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանը նաեւ հավելեց, որ առանձին դեպքեր կարող են վրիպել դեսպանության տեսադաշտից եւ հորդորեց նման պարագայում դիմել դեսպանությանը:

«Իսկապես, կարող են դեպքեր լինել, որ բաց ենք թողել: Մեզ այդ մասին գրեք, զանգահարեք. կարձագանքենք շատ արագ: Դա մեզ եւս անհրաժեշտ է՝ մոնիթորինգ իրականացնելու առումով»:

Վարդան Տողանյանը շեշտեց նաեւ, որ լրատվամիջոցների հետ շփումն ընդլայնելու համար հետաքրքիր ծրագիր ունի՝ դեսպանատունը մտադիր է լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց լինել, եւ առաջին հերթին՝ ռուսական: Կհամագործակցի նաեւ սոցկայքերում բլոգերների հետ՝ ոչ միայն դեսպանատան գործունեությունը լուսաբանելու, այլ նաեւ երկրի իմիջը, ավանդույթներն ու մշակույթը տարածելու համար: Ընդ որում՝ հաշվի է առնելու նաեւ ՌԴ-ի մայրաքաղաքից հեռու գտնվող շրջանները։

ՌԴ-ում մեր երկրի դեսպանից խնդրեցինք նաեւ իր դիտարկումները ներկայացնել Արեւմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետ կապված՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը, այսպես ասած, «եւ-եւ»-ի՝ համադրման, փոխլրացման քաղաքականության կողմնակից է, մինչդեռ ՌԴ-ն, ըստ էության, ավելի շուտ հակված է, այսպես ասած, «կամ-կամ»-ի քաղաքականության: Ի պատասխան «Ռադիոլուր»-ի այս դիտարկմանը՝ Վարդան Տողանյանը նախ շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում «կամ-կամ»-ի քաղաքականություն չկա եւ չի եղել, ապա հավելեց.

«Համենայնդեպս, մեր հարաբերությունները բավականին համահունչ են եւ զարգանում են: Եթե չեմ սխալվում՝ երեկ Երեւանում ԵՄ-ի հետ նոր ձեւաձափի համագործակցության նախաստորագրումն է տեղի ունեցել եւ ամռանը վերջնական այն կստորագրվի: Սա խոսում է այն մասին, որ այդ հարաբեությունները դինամիկ զարգանում են, մասնավորապես, առեւտրատնտեսական ոլորտում: Կարեւորագույն փաստն այն է, որ, քանի որ չկան հարաբերություններում «կամ-կամ», այդ նոր պայմանագիրը եւ, ընդհանրապես, մեր հարաբերությունները չեն հակասում կամ ուղղված չեն որեւէ միության, երկրի, մասնավորապես՝ ԵՏՄ մտնելիս մեր վերցրած պարտավորություններին, դրանք դինամիկ զարգացման փուլում են: Աշխարհում միջազգային հարաբերությունների փոփոխման «տեկտոնիկ» երեւույթներ են ընթանում: Կարծում եմ, այս հարաբերություններին համահունչ մենք պետք է հարաբերություններ զարգացնենք եւ ամրապնդենք»:

Անդրադառնալով իր նախորդի գործունեությունը քննադատող հարցին, որ Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերում ակտիվություն չի ցուցաբերվել, Վարդան Տողանյանը նշեց, որ ցանկացած դեսպանի գործունեություն բարդ է գնահատելը, ապա հավելեց.

«Դրա հետ կապված՝ ինձ համար դժվար է դատելը։ Եւ երկրորդ, ճիշտ չեմ համարում մեկնաբանել իմ նախորդի գործունեությունը եւ կոլեգա Եսայանին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ, որ չնայած բոլոր այդ քննադատություններին՝ մեր հարաբերությունները զարգացել են դինամիկ եւ, անշուշտ, շատ գործեր են այստեղ արվել»:

Նորանշանակ դեսպանը նկատեց նաեւ, որ իր գործունեությունը դեսպանի պաշտոնում ակտիվ է սկսվել՝ տեղի ունեցավ Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան, այս տարի էլ նշվելու է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Ըստ էության՝ ներկայացնելով իր ծրագրերն ու մտադրությունները՝ ռուսական ներդրումներ Հայաստան ուղղորդելու եւ այլ ուղղություններով, ՌԴ-ում մեր երկրի դեսպանը վստահեցրեց, որ աշխատելու է շատ ակտիվ եւ բաց:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button