Տնտեսական

Նվազագույն աշխատավարձը 100000-ով բարձրացնելու նախընտրական խոստումները իրատեսական չեն.Վարդան Արամյան


Խոստմանը հավատարիմ. ֆինանսների նախարար  Վարդան Արամյանն այսօր  լրագրողներին է ներկայացրել տնտեսական վերջին զարգացումներն ու միտումները:  Սա լրատվմիջոցների օգնությամբ  հանրությանը ազդակ հաղորդելու համար է: Նախընտրական քարոզչությունից հեռու  Արամյանն  այդուհանդերձ  քաղաքական հարցերից  չի խուսափել: Մասնագիտորեն է  վերլուծել  քաղաքական ուժերի տնտեսական առաջարկները:

Տնտեսական կանխատեսումներն ու միտումները, ԱՎԾ- ն  փաստում է՝ տնտեսությունը փոքր տեմպերով, սակայն,  աճում է: 2016թ տնտեսական աճը կազմել է 0,2 տոկոս, հարկեր-  ՀՆԱ հարաբերակցությունը խոստացվածից ավելին է՝ 21,3 տոկոս՝ պլանավորած՝ 20,7 տոկոսի փոխարեն: 2017թ առաջին ամիսների արդյունքները նույնպես  հուսադրող են՝  հունվար-փետրվարին ՏԱՑ-ը 6 տոկոսից ավելին է եղել, սակայն, մինչ տարեվերջ դեռ երկար ժամանակ կա:  Առևտրի ծավալներն են սկսել  ավելանալ նախորդ աշնանից  սկսած: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017թ հունվար –փետրվարին այն կազմել է  9,6 տոկոս: Վերլուծելով արդյունքները՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդգծում է՝

«Թևակոխում ենք վերելքի փուլ։ Կարծես թե հանրության մոտ եկամուտների վերականգնում է դրսևորվում՝ սկսած անցյալ տարվա հոկտեմբերից: Սա լավ և ուրախալի լուր է, նախանշում է, որ մենք դրական զարգացում ունենք»:

ԱՎԾ-ում հունվար-փետրվարին եկամուտների աճ  են արձանագրել՝ 1,1 տոկոս:  Պաշտոնական վիճակագրությունը  Արամյանին  կասկածի տեղիք չի տալիս,պարզաբանում է՝   միջազգային փորձագետներն են ամեն տարի  ԱՎԾ ցուցանիշերը  վերլուծում:

«Ռադիոլուրը» փորձեց քաղաքացիներից պարզել՝ արդյո՞ք նրանց սոցիալական վիճակն անցնող տարվա ընթացքում ավելի է լավացել, ավելի շա՞տ են առևտուր կատարում, թե՞ ոչ:

Անձամբ ֆինանսների նախարարը քաղաքացիներին դրական ազդակներ հաղորդելու  կողմնակից է: Այս մոտեցմանն են Կարեն Կարապետյանի կառավարության բոլոր անդամները:  Սակայն, ինչպես լսեցինք, զրուցակիցներիս  մոտ  դրական սպասումներ դեռ ձևավորված չեն: Գուցե ձևավորվեն, եթե  լսեն  խորհրդարանական ընտրություններին  մասնակցող քաղաքական ուժերի խոստումները՝ նվազագույն աշխատավարձի, կենսաթշակների  բարձրացում, ՓՄՁ-ների համար արտոնյալ պայմանների ստեղծում և ոչ միայն: Հանրապետության գլխավոր ֆինանսիստը հնչող խոստումներն  իրատեսական չի համարում: Հաշվարկներն է ներկայացնում ու վստահեցնում՝ եթե հնարավոր լիներ, ապա հատկապես այս փուլում ու  գուցե նաև  ժողովրդի քվեն ստանալու համար իրենք էլ կենսաթոշակ  ու նվազագույն աշխատավարձ կբարձրացնեին:

«Աշխատավարձը  100 հազար դրամ  բարձրացնելը  բյուջեի  համար  60 տոկոս (մոտ 350 մլրդ դրամ), իսկ 80 հազար դրամ դարձնելը ՝ 43 տոկոս ( շուրջ  250 մլրդ դրամ)  լրացուցիչ բեռ կդառնա»:

Ֆինանսների նախարարը հնչած խոստումներն անիրատեսական է համարում՝ նշելով՝ կամ պետք է հարկերը բարձրացնեն, կամ՝ պետական պարտքն ավելացնեն: Երկուսն էլ, ըստ էության, անընդունելի է նրանց համար:

Ցուցադրել ավելի
Back to top button