Մշակույթ

Թարմացումներ ու բարեփոխումներ՝ գրադարաններում


Մշակույթի նախարարության և «Լոֆթ» կենտրոնի՝ այսօր կնքած համաձայնագիրը ենթադրում է թարմացումներ ու բարեփոխումներ հատկապես մարզային գրադարաններում: Փաստաթղթի շրջանակում կմշակվի ոլորտն ակտիվացնելու, գրադարաններում նոր մթնոլորտ ստեղծելու և լրացուցիչ ծառայություններ ներառելու ռազմավարություն:

«Ի՞նչ է նշանակում լրացուցիչ ծառայություններ. դա մոտավորապես այն է, ինչի մասին խուսում էի ամիսներ առաջ՝ իմ պաշտոնավարման սկզբում: Մենք փորձում ենք գրադարանային ծառայությունը դարձնել նաև ընտանեկան ժամանցի ու հանգստի կենտրոն: Նման օրինակներ շատ կան, բայց լավագույն օրինակը մենք գտանք «Լոֆթ»-ում, որի հետ գործընկերային քննարկումների արդյուքում և ստեղծվեց այս համաձայնագիրը»,-փաստաթղթի ստորագրմանը նախորդած իր խոսքում ասաց նախարար Ամիրյանը: Երկար քննարկումներից հետո, ըստ նախարարի, հաջողվել է գտնել այն բիզնես ձևաչափը, որը հետաքրքիր էր և՛ «Լոֆթ»-ի, և՛ Մշակույթի նախարարության տեսանկյունից:

«Մարզային մեր բոլոր գրադարանների մասով ունենք ծրագրեր և ուզում ենք աշխատել: Անշուշտ, մենք բաց ենք նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցության առումով: Մեզ կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս գործով: Հետաքրքիր երկու առաջարկություն արդեն ստացել ենք Ռուսաստանից: Խոսքը Մարտունու և Սևանի գրադարաններն ամբողջությամբ վերանորոգելու, ապա դրանք ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն-գրադարան դարձնելու մասին է»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ծրագիրն իրականություն կդառնա մոտ ապագայում:
«Միջազգային փորձը փաստում է, որ գրադարանը, որպես միայն գիրք կարդալու տարածք, իրեն փոքր-ինչ սպառել է: Համատեղ ջանքերով պիտի փորձենք է՛լ ավելի հետաքրքիր դարձնել ոլորտը՝ երիտասարդության ու ընտանիքի համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելով»,-ասաց «Լոֆթ» կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:

Նախարար Ամիրյանը հավելեց. «Որպես ծրագրի շարունակություն, նախարարությունը ձգտում է մինչև տարեվերջ ունենալ առնվազն տասը «Բիբլիոբուս»՝ գրախանութ-ավտոմեքենաներ, որոնք կշրջեն հանրապետության գյուղերով ու քաղաքներով»:
«Լոֆթ» -Մշակույթի նախարարություն հաջողված համագործակցության օրինակ է 2017-ի հունվարից իրականացվող ՝ «Գրքի շուրջ» քննարկումների շարքը: Նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի փոխանցմամբ, քննարկումներն իրականացվում են լեփ-լեցուն դահլիճում (100-120 մարդ է մասնակցում յուրաքանչյուր քննարկմանը), իսկ վերջում մասնակիցները ստանում են նախարարության օժանդակությամբ հրատարակված գրքեր:

««Գրքի շուրջ» քննարկումներն ապրիլին կծավալվեն Գյումրիի «Լոֆթ»-ում: Ապրիլին կմեկնարկի նաև «Հեղինակի աթոռ» նախագիծը: Հեղինակի աթոռին կնստի ժամանակակից որևէ հայտնի գրող, որի գիրքն էլ և կքննարկեն ու հեղինակին կուղղեն հարցեր»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button