ԿարևորՔաղաքական

Նախաստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, և հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է՝ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։

Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

Ցուցադրել ավելի
Back to top button