Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության ողջ արխիվը հասանելի կլինի HD որակով

Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվային նյութերն ապագայում հասանելի կլինեն հանրության լայն շերտերի համար: Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհի շրջանակում՝ Հանրային հեռուստաընկերությունը կհագենա անհրաժեշտ սարքավորումներով՝ հեռուստատեսության արխիվի թվայնացման նպատակով:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Հանրայինի համար տարիներ շարունակ գերխնդիր է եղել արխիվի պահպանման և թվայնացման հարցը, քանի որ տարբեր կրիչների, մասնավորապես՝ կինոժապավենների, տեսաերիզների, տեսասկավառակների, կոշտ սկավառակների վրա կա ազգային հարուստ արխիվ, որը մշակման, կանոնակարգման ու թվայնացման լուրջ կարիք ուներ:

Կարևորելով արխիվային նյութերի պահպանման հարցը՝ 2014 թվականից սկսած, հեռուստաընկերության ջանքերով, առանձնակի ուշադրությամբ և  նոր թափով սկսվել էր արխիվային նյութերի քիմիական մշակման գործընթացը: Զուգահեռաբար սկսվել էին աշխատանքներ տարբեր արխիվային նյութերի տվյալների համակարգված բազայի և որոնման համակարգի ձեւավորման ուղղությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ, ճապոնական  «JICA» պետական գործակալության հետ իրականացվող այժմյան համագործակցության արդյունքում՝  Հանրային հեռուստաընկերությանը կտրամադրվեն մի շարք սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն թվայնացնել, այլև պատկերի մասնագիտական մշակում իրականացնել, արխիվային նյութեր մոնտաժել, ինչպես նաեւ վերոնշյալ նյութերի էլեկտրոնային ֆիլմադարան ստեղծել՝ բազմաշերտ որոնման հնարավորությամբ:

Իրականացվելիք գործընթացի արդյունքում լուծում կստանա արխիվային նյութերի երկարաժամկետ պահպանության և օգտագործման հարցը, ինչի արդյունքում հանրությունը կկարողանա օգտվել Հանրային հեռուստաընկերության եւ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի արխիվային հարստությունից:

Վերազինումը Հանրային հեռուստաընկերությանը հնարավորություն կտա թվայնացվող նյութերի ծավալը ավելացնել մի քանի անգամ, ինչը զգալիորեն կկրճատի ամբողջ արխիվի թվայնացման ժամկետները:

Ծրագիրը կմեկնարկի ընթացիկ տարվա վերջին:

Ցուցադրել ավելի
Back to top button