ԿարևորՀասարակություն

Ինչ ռիսկեր ունի տեղեկատվական լիբերալիզմը. Արման Սաղաթելյան

լրացված 17.19


«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ». այս թեմայի շուրջ են Երեւանում այսօր համախմբվել Հաղորդակցության համաշխարհային ֆորումի ընտանիքի անդամները, որի մաս է կազմում նաեւ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան: Մարտի 13-17-ը առաջին անգամ Ժնեւում անցկացվեց Հաղորդակցության համաշխարհային ամենամյա 8- րդ ֆորումը։ Նախորդ 7- ը անցկացվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Եվ ահա Ժնեւից փորձագիտական խումբը ժամանել է Հայաստան: Ի՞նչ հարցեր են քննարկվել երեւանյան ֆորումի առաջին օրը, ի՞նչ առաջարկներ եւ մոտեցումներ են ներկայացրել տարբեր մայրցամաքների ներկայացուցիչները եւ ինչպիսի՞ն է ճգնաժամային տարբեր իրավիճակներում ՀՀ-ի ենթակառուցվածների արձագանքը:

Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը Հարավային Աֆրիկայից է։ Մինչ մեր երկիր այցելելը՝ ֆրանսիացի իր գործընկերներից է լսել Հայաստանի մասին: Մոենգի կարծիքով, Հայաստանի բրենդավորման առաջին ցուցիչներն են կրոնը և խոհանոցը: Այսօր մեկնարկած Հաղորդակցության համաշխարհային Դավոս-Երեւան ֆորումի ժամանակ Սոլլի Մոենգը միջազգային առաջին փորձագետն էր, որ բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում լսարանի առջեւ հանդես եկավ մասնագիտական՝ խորհուրդներով:

Անդրադառնալով մինչեւ ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահի՝ ապարտեիդի դեմ պայքար մարտիկի՝ Նելոսոն Մանդելայի կառավարման տարիները երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրավիճակին՝ Մոնեգը կարեւորեց բարձր վարկանիշ եւ վարկանիշին համաչափ վարքագիծ ունեցող առաջնորդի դերը։

«Եթե տարբեր վարքագծով մարդիկ խանգարում կամ ստվերում  են երկրի առաջնորդի լավ վարկանիշը, ապա այդ մարդկանց պետք է կարողանալ հեռացնել ճանապարհից: Ասել է, թե մինչ ճգնաժամը պետք է կարողանալ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր՝ պայմանական «ատոմային զենք», եւ կառավարել այն: Լավ առաջնորդը եւ նույնքան լավ ապրանքանիշը պետք  է լինեն եւ ստեղծվեն միմիայն օրինակելի վարքագծի շնորհիվ։ Կապ չունի, որ մինչ առաջնորդ դառնալը դուք ընկերներ եք եղել, քանի որ արդեն դառնում ես օրինակ»:

Ֆորումի քննարկման ժամանակ «Պատերազմ եւ մեդիա» փորձագիտական զեկույցով հանդես եկավ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը։ Հայաստանը միշտ լինելով ճգնաժամում կարողացել է, ռեսուրսները ճիշտ օգտագործելով, հաղթանակով դուրս գալ ցանկացած ճգնաժամային իրավիճակից՝ ասաց։ Ըստ Սաղաթելյանի, Հայաստանն այն եզակի պետություններից է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մշտապես եղել է ճգնաժամում՝ պատերազմական վիճակ, տեղեկատվական քարոզչություն, եւ այս 25 տարիների ընթացքում լրատվական դաշտի լրջագույն խնդիր է դարձել «հակառակորդների քարոզչական, ապատեղեկատվություն պարունակող» լուրերի թարգմանությունն ու հայաստանյան իրականությունում տարածելը, որը,  ըստ Հանրային ռադիոյի տնօրենի, անհեթեթություն է:

«Չափազանց անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն կամ մեկնաբանություն կարող է թարգմանվել ռուսերենից հայերեն ու բերվել հայկական դաշտ: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց: Մենք երբևէ չենք սահմանափակել լրատվամիջոցների ազատ տեղաշարժը և արտահայտվելու հնարավորությունը, այլ, ապահովելով անվտանգության պայմաններ, թույլ ենք տվել միջազգային հարթակների մուտքը մարտական գործողությունների գոտի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, որպեսզի իրենք ազատ արտահայտվելու հնարավորություն ունենան և նյութեր պատրաստեն»:

Շարունակելով ներկայացնել ՀՀ մեդիա ոլորտի համարժեք եւ ոչ համարժեք արձագանքը տարբեր իրավիճակներում՝ Արման Սաղաթելյանը հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանն  այն 14 երկրների ցանկում է, որը չի միջամտում համացանցի կառավարմանը։ Այսինքն՝ մեր երկրում ինտերնետային գրաքննություն գոյություն չունի: Եվ այդ իրավիճակում, ըստ Սաղաթելյանի, ապատեղեկատվության, «ֆեյք» նորությունների կամ այլ զանգվածների դեմ պայքարելը բավականին դժվարին, բայց շնորհակալ գործ է։

«Բաց համակարգը, տեղեկատվական լիբերալիզմը, որի կողմնակիցն է Հայաստանը, որոշակի ռիսկեր ունի, մասնավորապես, դրանցից են ապատեղեկատվության խոշոր հոսքերը, «մանիպուլյացիան», ազատ արտահայտվելու իրավունքի և խոսքի ազատության չարաշահումը, որը լուրջ խնդիրներ է առաջացնում: Խոսքի ազատությունը չի նշանակում ամենաթողություն, մեզ մոտ իրավունքները դեռ ավելի շատ են, քան՝ պարտականությունները։ Սակայն առավելություններն ակնհայտ են, դա մեր էվոլյուցիան է ու զարգացումը։ Ի տարբերություն փակ համակարգերի, մենք շատ ավելի կայուն ենք, մենք շատ ավելի մեծ ինտելեկտուալ ու կրեատիվ պոտենցիալ ունենք այս ամենի արդյունքում, և մենք ի վիճակի ենք զարգանալ ու արձագանքել նոր մարտահրավերների»:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արա Աբրահամյանը, խոսելով լրատվական դաշտի աշխատանքի մասին, անդրադարձավ նախընտրական փուլում նոր մեթոդների կիրառմանը եւ հետընտրական զարգացումներին: Ըստ Արա Աբրահամայնի, Հայաստանում 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո լինելու են ակտիվ հետընտրական զարգացումներ: «Ընտրությունների արդյունքները վիճարկելու է ոչ թե երկրորդ տեղի հավակնորդ «Ծառուկյան», այլ ավելի քիչ ձայներ ունեցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Իսկ ընտրական գործընթացների լուսաբանումը մասնակից քաղաքական ուժերից առնվազն երեքն իրականացնում են սեփական հեռուստաալիքներով. «Ավելի լավ կլիներ, որ լրատվամիջոցներն ավելի անաչառ լինեին, անաչառ լուսաբանում իրականացնեին: Ավելացնեմ նաև, որ այժմ հեռուստաընկերությունները մոնիթորինգի տակ են, ուստի փորձում են բոլոր քաղաքական ուժերին հավասար եթերաժամ տրամադրել»:

Ինչ կտա համաշխարհայինֆորումի անցկացումը ՀՀ-ին:  «Ռադիոլուրի» հետ զրույցում The Huffington Post-ի սյունակագիր, սոցիալական մեդիայի փորձագետ Շոն Գարդները, ով համացանցում ունի միլիոնավոր հետեւորդներ, նշեց, որ պատրաստվում է Հայաստան այցի մասին գրել իր սյունակում։

«Սոցիալական ցանցերն աշխարհի համար հաղորդակցության գործիք են, սոցիալական ցանցերը թույլ են տալիս վստահություն ստեղծել որոշակի ոլորտներում, հաղորդակցվել մարդկանց հետ աշխարհով մեկ: Ինտերնետն ու սոցիալական ցանցերը կարևոր են կոմերցիայի մեջ, ու շատ կարևոր դեր են խաղում առևտրում, թույլ են տալիս մարդկանց առնվազն ստեղծել գործընկերություններ իրենց տարածաշրջանից դուրս: Սոցիալական ցանցերն արագ են աշխատում, հզոր են, երկրներ են քանդում»։

Պատրաստվո՞ւմ է արդյոք փորձագետների խումբը մեկնել Արցախ: «Խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով ոչ, բայց դա չի նշանակում, որ նրանց կարող ես վախեցնել Բելառուսից արտաքսումով»,- նշեց ֆորումի կազմակերպիչ, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը:

Իսկ ի՞նչ կտա ֆորումը մեզ՝ ՀՀ-ին. հարցին պրն Սաղաթելյանը պատասխանեց, որ հեղինակություն:

Եվ վերջում, ինչը կարող է դառնալ ՀՀ-ի բրենդը։ Երևանյան ֆորումի հյուրերից Ասիայի առաջատար «Brands of Desire» բրենդային խորհրդատվական ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և գլխավոր բրենդային ստրատեգ Սաուրաբհ Կումար Ուբովեյանի աչքերով, հայկական ժպիտն ու հյուրընկալությունը, եւ Արարատը, որոնք պետք է կրկնակի մասսայականացնելով դարձնել այցեքարտ:

Ցուցադրել ավելի
Back to top button