Քաղաքական

Կոնգրես-ՀԺԿ հայտարարությունը՝ ուշացած


Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կրկին կոչ է անում հետաձգել ընտրությունները և դրանք անցկացնել ապրիլի 9-ին: Դաշինքը հայտարարություն է տարածել, որով  ընտրություններին մասնակից ուժերին հորդորում է  համաձայնության գալ և առաջարկը ներկայացնել իշխանություններին: Կա արդյոք այդ համաձայնությունը ընդդիմադիր դաշտում և արդյոք այդ համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է փոփոխություն անել:

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը երեկ հայտարարություն է տարածել, որով  կրկին կոչ է անում հետաձգել ընտրությունները և դրանք անցկացնել ապրիլի 9-ին: Դաշինքը  ընտրություններին մասնակից ուժերին հորդորում է  համաձայնության գալ և առաջարկը ներկայացնել իշխանությանը:

«Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիև նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է», — ասվում է դաշինքի երեկ տարածած հայտարարության մեջ:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկն ուշացած է համարում:

«Նախընտրական այս պրոցեսում բավական լուրջ ծախսեր են կատարվել, խնդիր կառաջանա: Ժամանակին պետք է բոլոր քաղաքական ուժերով հավաքվեինք եւ այդ հարցին ընթացք տայինք: Կարծում եմ՝ ուշացած առաջարկ է»:

Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր՝ եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, ապա իշխանությունները չեն առարկի  4-5 օրով ընտրությունների օրը հետաձգելուն: Հանրապետական խմբակցության ղեկավարն  ղեկավար այսօր էլ պնդում է, որ անխտիր բոլոր ուժերի համաձայնության դեպքում դեմ չեն հարցը նորից քննարկել: Բայց վստահ չեն,  որ այս փուլում  բոլոր ուժերն այդ հետաձգմանը կողմ են, նաև կարծում են, որ քարոզարշավի կեսից նման որոշում կայացնելը իրավական  խնդիրներ է հարուցելու:

Սա, ի դեպ, ՀԱԿ-ի երկրորդ համանման առաջարկն է: Դեռևս  հունվարին  այս քաղաքական ուժը հանդես էր եկել  ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու և ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով հարցի  ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական  կողմը:  Որ իրավական խնդիր կա,  հնարավոր կլիներ ապացուցել Սահմանադրական  դատարանում, ինչը տեղի չունեցավ, քանի որ ՍԴ դիմելու համար  պատգամավորների՝ անհրաժեշտ թվով ստորագրություններ չհավաքվեցին։

Մնաց խնդրի բարոյական  կողմը, ինչը մատնանշելով էլ  դաշինքը ընտրությունների օրվանից երկու շաբաթ առաջ հետաձգման  առաջարկ է ներկայացնում:

Բարոյական շարժառիթով բարձրացվող հարցը իրավական խնդիրներ կառաջացնի՝ այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա այն պատգամավորների թվում է, որ  հունվարին միացել է ՀԱԿ-ի նախաձեռնությանը:  Հիմա էլ առաջարկին սկզբունքորեն դեմ չէ, բայց կարծում է,  որ այս փուլում նման փոփոխությունը խնդիրներ կառաջացնի իրավական առումով:

ԿԸՀ-ն այս հարցում նոր մեկնաբանություն չունի: Տիգրան Մուկուչյանն ասում է՝ ընտրությունների օրը նշանակված է, ԿԸՀ-ն այդ հաշվարկով էլ իրականացնում է իր բոլոր գործառույթները»:

Որ քաղաքական լիարժեք համաձայնություն դժվար թե ստացվի, հուշում  է նաև այն իրողությունը, որ քաղաքական ուժերի մի մասը դեռևս հունվարին նշում էր, որ խնդիր չի տեսնում հենց ապրիլի 2-ին ընտրությունները անցկացնելու մեջ: ՀՅԴ-ն օրինակ հայտարարում  էր, որ մեծ վերապահումներ չունի:  Իսկ ԲՀԿ-ն ասում էր, հենց ապրիլի 2-ին  ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն իրական  հարգանքի տուրք կլինի ապրիլյան հերոսների հիշատակին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button