ԿարևորՔաղաքական

Լապշինի արտահանձնման հակառակ էֆեկտը. աշխարհի 11 երկրից շուրջ 30 բլոգեր համաժողով է անցկացնում Արցախում

տեղադրված 14.25
լրացված 17.15

Չնայած, որ Բաքուն «սև ցուցակներով» փորձում է վախեցնել զբոսաշրջիկներին ու կասեցնել նրանց այցը Արցախ, այնուամենայնիվ այսօր Արցախում հավաքվել են աշխարհի 11 երկրից ավելի քան 30 բլոգերներ:

Բելառուսում Լապշինի ձերբակալությունը և նրա արտահանձնումը Ադրբեջանին ոչ միայն չի խոչընդոտել բլոգերների այցը Արցախ, այլ ավելի ակտիվացրել է: Համաժողովի հավաքված բլոգերները քննարկել են Արցախի ճանաչման, օդանավակայանի գործարկման, ավտոմոբիլային ճանապարհի որակի հարցեր: Արցախի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող արգելք հանդիսանալ Արցախ այցելության համար.

«Շարունակելու ենք զբոսաշրջության զարգացումը, գրավելու ենք նոր զբոսաշրջիկների, քանի որ ոչ ոք չի կարող բռնանալ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի վրա և մենք մարդկային այս հիմնարար իրավունքի պաշտպանության կողմնակից ենք»:

Հաջորդ հարցն Արցախի օդանավակայանի գործարկման մասին էր: Լատվիայից բլոգեր Ալեքսանդր Ալիմովը նշեց,  թե,  որքան տեղյակ է, օդանավակայանը կառուցված է, սակայն ադրբեջանական կողմի հակազդեցության պատճառով չի գործում:

«Արվո՞ւմ են արդյոք քայլեր օդանավակայանը գործարկելու ուղղությամբ և որքանով է դա հնարավոր »:

Հարցին ի պատասխան հնչեց պարզաբանում, որ Արցախը չի գործարկում օդանավակայանը ոչ թե Ադրբեջանի պատճառով, այլ որ ճնշում կա քաղ ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից.

«Մենք չեն շահագործում օդանավակայանը ոչ այն պատճառով, որ Ադրբեջանը դա չի ուզում, այլ որ  ազդեցություն կա միջազգային համապատասխան կառույցների կողմից, այդ թվում նաև  քաղավիացիայի միջազգային կազմակերպության: Թե երբ կլուծվի այդ հարցը՝ ոչ ոք չի կարող ասել»:

Սերգեյ Շահվերդյանը այստեղ շեշտում է՝ Արցախն  այլ ճանապարհով ենք գնացել՝ կառուցվել է Հայաստանին կապող երկրորդ՝   Ստեփանակերտ-  Մարտակերտ- Քարվաճառ -Սոթ ճանապարհը։  Պաշտոնյան բացատրում է՝ դա նշանակում է մուտք Արցախ Գորիսով,  ու ելք Քարվաճառով- Սոթքով: Դա կհեշտացնի այցելուների ճանապարհը՝ վստահեցրեց:

Արցախցի ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանն էլ ներկայացավ Արցախում ռազմական իրավիճակի վերլուծությամբ: Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ կողմերից յուրաքանչյուրն է խոցելի։ Ստեղծված է շփման գիծ և կողմերից յուրաքանչյուրի համար առաջ շարժվելու դեպքում նոր որակական ջանքեր կպահանջվեն՝ ասաց:

Բլոգերներին հետաքրքրող հարցին ի պատասխան՝   փորձագետը հստակեցնում է՝ այսօր Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցն առաջնահերթ չէ, բայց դա չի նշանակում, թե միասնական չենք՝ ասաց բացատրելով

«Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, կարևոր չէ որ ուղղությամբ՝ արցախյան, թե  նախիջևանյան, կամ  Հայաստանի հյուսիսային հատվածի Թալիշի ուղղությամբ, հայկականի  ԶՈՒ-ը  հանդես կգան միասնական և կողմերի պոտենցիալը պետք է գնահատել միասնական»:

Բլոգեր Անտոն Մերկուրովին անհասկանալի է երկու՝ Ղարաբաղ և Արցախ անվանումների միաժամանակյա օգտագործումը:  Ինչու մեկ անվանում չընտրել՝ հարցրեց՝ նշելով որ անգամ իր համար,  որ գիտի Արցախը, երբեմն շփոթություն է առաջացնում  երկու անվանումների կիրառումը։ Հարցին Արցախի Հանրապետության կառավարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետը  պատասխանեց՝ սահմանադրական հանրաքվեից հետո առաջնահերթությունը տրվել է Արցախ անվանը։ Սակայն միաժամանակ շեշտեց՝ Արցախն ու Ղարաբաղը նույնն են:

Ցուցադրել ավելի
Back to top button