Հասարակություն

Նախընտրական խոստումները ընտրությունից ընտրություն ավելի կենցաղային են դառնում.PR մասնագետ


Սթրեսի աղբյուր, թե՝ բարեփոխումների հույս։ Ի վերջո՝ ինչպիսին է ընտրական գործընթացների  հոգեբանական ընկալումը հայ հասարակության մեջ, ինչ է ակնկալում հասարակությունն իր երկրում իրականացվող ընտրություններից կամ ակնկալո՞ւմ է արդյոք որևէ բան, թե՞ ոչ: Որոնք են նախընտրական քարոզարշավի առանձնահատկությունները: Այս և այլ հարցերի պատասխանները «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

Արդյոք ընտրությունները կարելի է դիտարկել որպես հասարակության սթրեսի պատճառ: Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Ռուբեն Աղուզումցյանն ասում է, որ սթրես բառն այս դեպքում պետք է օգտագործել զգուշորեն, որովհետև դա արդեն ախտորոշում է, մուտք հոգեբուժական ոլորտ:

Հոգեբանության մասնագետն ընտրություններն ավելի հակված է համարել ակտիվ լարվածության, քան՝ սթրեսի պատճառ: Բարեփոխումների հույս, դրական փոփոխությունների ակնկալիք. Աղուզումցյանը չի բացառում, որ յուրաքանչյուր ընտրություն նաև նման սպասումների առիթ ու հնարավորություն է տալիս, բայց այդ սպասումների համար ընտրողը անպայման պետք է ունենա տեսանելի ու շոշափելի որևէ  բան:

Ընտրող և ընտրվող. ընտրական գործընթացի երկու կողմերը, նրանք ունեն իրենց նպատակներն ու շահերը, որոնք, ըստ Աղուզումցյանի, միանգամայն տարբեր են:  Ճիշտ կողմնորոշվելու համար հոգեբանը  կարևորում է ընտրողի գիտակցությունը և տարբերակելու կարողությունը:

« Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք և ընտրենք՝ ներկայացված ծրագրերից որն է ավելի մոտ մեր նպատակներին»:

«Սա էլ պայմանավորված է քաղաքական մշակույթով, որը, ցավոք, մեզանում այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ»,- նկատում է Աղուզումցյանը: Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի առանձնահատկություններին՝ PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Հայկ Կիրակոսյանն ասում է՝ իշխում է տրագիկոմեդիայի ժանրը, որտեղ հայ քաղաքական գործիչները լուրջ հաջողություններ են գրանցում:

Ըստ Կիրակոսյանի՝ ընթացող նախընտրական քարոզարշավն առավելապես թաղման արարողություն է հիշեցնում, իսկ նախընտրական խոստումներն ընտրությունից ընտրություն ավելի կենցաղային են դառնում:

Սթափ բանականություն, լավ հիշողություն, ահա թե ինչ է պետք հայ ընտրողին, այս տեսակետի կողմնակիցն են և հոգեբանը և PR մասնագետը: Նախընտրական խոստումներ, երդումներ, նոր կոստյումներ, նրանց համոզմամբ, առ ոչինչ են: Որոշիչ գործոնը  յուրաքանչյուրի անցած ճանապարհն է, որով էլ պետք է առաջնորդվի  ընտրողը:

Ցուցադրել ավելի
Back to top button