Քաղաքական

Պետք է կանխել Փոլադ Բյուլբյուլօղլուի առաջադրումը ՅՈւՆԵՍԿՕ- ի գործադիր տնօրենի պաշտոնում


Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ՅՈւՆԵՍԿՕ- ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մտադրությանն այսօր անդրադարձել են Երևանում: Արտակարգ և լիազոր դեսպան  Արման Նավասարդյանը, իր ձևակերպմամբ՝ արմենաֆոբ գործչի հնարավոր նշանակումը մեր երկրի համար վտանգավոր է համարում: Ըստ ամերիկագետ  Արեգ Գալստյանի՝ որոշման կայացումից հետո արձագանքելը՝ ուշացած է:

Ով է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին,  ում  թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ- ի գործադիր տնօրենի պաշտոնում պաշտպանում է Մոսկվան: Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը զգուշացնում է՝ այդ անձնավորությունը հայատյաց է:

Նախկինում, երբ նա Ադրբեջանի մշակույթի նախարարն էր, հրահանգում էր ոչնչացնել հայկական հուշարձանները, խաղաղասեր համարվող դիվանագիտական գործում այդ մարդը միակն է, ով իր հայտարարություններով պատերազմի մունետիկ է դարձել, քանի որ անընդմեջ խոսում է արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով  լուծելու մասին: Այդ մարդը նաև ստախոս է՝ ուշադրություն հրավիրեց դեսպան Նավասարդյանը:

Արման Նավասարդյանի խոսքով, ցավոք, կան բոլոր նախադրյալները, որ նա դառնա  ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն, քանի որ այդ նպատակի համար Բաքվի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ:

Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է հայկական կողմին: Ճիշտ է՝ Բաքուն նավթադոլարներ է ծախսում, այդ քաղաքականությունը արդյունքներ է տալիս եւ վաղուց պետք է հայկական կողմը մտածեր այդ ուղղությամբ:

Հայկական սփյուռքը և դոլարներ ունի և հեղինակություն՝ վստահաբար ասաց Արեգ Գալստյանը՝ մատնացույց անելով հայտնի «Ֆորբս» ամսագրում տեղ գտած հայերի անունները:

Սակայն  արդեն կա այն, ինչ կա ու պետք է մտածել հաջորդ հարցի մասին: Ի՞նչ անել՝ գործընթացը  կանխելու համար: Արեգ Գալստյանը դժվարանում է պատասխան գտնել: Գնալ արդեն արված քայլերի հետևից՝ նշանակում է պարտություն կրել:

Դեսպան Արման Նավասարդյանը ելք տեսնում է. «Պետք է կանխել Փոլադ Բյուլբյուլօղլուի  առաջադրումը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, այնպես, ինչպես դա արվեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Թուրքիայի դեսպան նշանակվելու ժամանակ»:

Ցուցադրել ավելի
Back to top button