Հասարակություն

Ներկայացվեց կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման զեկույցը


«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու «Հանրային քաղաքականության» ՀԿ-ն ներկայացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքները: Հետազոտության նպատակն էր բացահայտել հանրակրթությանը վերաբերող երեք ոլորտներում՝ վճարովի պարապմունքներին, ներառական կրթությանը և դասագրքերի հրատարակմանը վերաբերող հիմնական խնդիրները, որոնք կարող են առաջացնել կոռուպցիոն ռիսկեր, և առաջարկել դրանց չեզոքացմանն ուղղված հնարավոր լուծումներ:

Չնայած հանրակրթության ոլորտում շարունակվող բարեփոխումներին և համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, մինչ օրս առկա են բազմաթիվ չլուծված համակարգային խնդիրներ, որոնք նպաստում են կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը: Դրանցից է օրինակ  հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների պրակտիկայի տարածումը: Վճարովի պարապմունքների պրակտիկան կամ կրկնուսույցների գործունեությունը Հայաստանի կրթական համակարգի համար, իհարկե, նոր երևույթ չէ: Սակայն վճարովի պարապմունքները շատ հաճախ խնդրահարույց են շահերի բախման և կոռուպցիոն այլ ռիսկերի տեսանկյունից: Վճարովի պարապմունքների ամենաբացասական հետևանքներից մեկն աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցումն է. Նա հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում:

Հանրային քաղաքականության ինստիտուտ-հետազոտական կենտրոնի փորձագետ Ավետիք Մեջլումյանն այստեղ շահերի լուրջ բախում է տեսնում:

Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է տնօրենների և ուսուցիչների համար մշակել էթիկայի կանոններ, որոնք կկարգավորեն նաև շահերի բախման հնարավոր իրավիճակները: Առաջարկվում է նաև օրենսդրորեն արգելել առարկան դասավանդող ուսուցչի կողմից վճարի դիմաց մասնավոր պարապմունքների տրամադրումն իր աշակերտներին` այն սահմանելով որպես էթիկայի կանոնների խախտում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ են անցկացվում այդ դասերը: Կոռուպցիոն դրսևորում կա նաև ներառական կրթության համակարգում: Փորձագետները կարծում են, որ արդյունավետ չեն ծախսվում ներառական կրթության ծրագրով սովորող երեխաների սննդի համար դպրոցներին տրամադրվող գումարները: Անվերահսկելի է նաև տրանսպորտի համար նախատեսված գումարների տնօրինումը: Այս ամենից բացի ուռճացվում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների թիվը՝ լրացուցիչ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ կոռուպցիոն ռիսկերն առկա են ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:

Կոռուպցիոն ռիսկեր կան նաև դասագրքաստեղծման գործընթացում: Դասագրքեր մշակող մասնագետները հաճախ գործում են շահերի բախման իրավիճակում: Բացի այդ՝ դասագրքերի մրցույթում լինում են նախնական համաձայնություններ, ինչն արդեն իսկ բացառում է արդար մրցակցությունը:

ԿԳ նախարարությունում իհարկե այս ամենի մասին տեղյակ են և համաձայն են, որ համակարգում իսկապես կոռուպցիոն լուրջ դրսևորումներ կան: Բայց փոխնախարար Կարինե Հարությունյանը համաձայն չէ, թե կրթության բնագավառը ամենակոռումպացվածն է:

Միևնույն ժամանակ՝ մեծապես կարևորելով այս հետազոտության արդյունքները՝ փոխնախարար Կարինե Հարությունյանը հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նաև վարչապետի ուշադրության կենտրոնում է:

Ցուցադրել ավելի
Back to top button