Հասարակություն

Հաց բերողի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվեն դատաբժշկական փորձաքննությանը

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա. Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա. Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում:

Նախնական տվյալներով` Արթուր Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Ա. Սարգսյանի կլինիկական մահը:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով երեկ մահացել էր հետվիրահատական բարդություններից, հանրության հայտնի է «Հաց բերող» անունով։ 2016թ. ամռանը նա  բեռնատարով սնունդ էր հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

Ցուցադրել ավելի
Back to top button