Հասարակություն

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:«Հաց բերողը», հիշեցնենք, կրկին տեղափոխվել էր հիվանդանոց: Նրան վիրահատել էին երեկ կեսգիշերից առաջ: Արթուր Սարգսյանի վիճակը գնահատվում էր ծանր:

Արթուր Սարգսյանի պատվին էջ կա նաև բացված Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում, որտեղ Արթուր Սարգսյանը բնութագրվում է քանդակագործ, փայտի փորագրող, Էրեբունու ոստիկանական գումարտակը գրաված «Սասնա ծռերին» սնունդ հասցրած անձ։

Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

Զբաղվում է փայտի փորագրությամբ։ 1996 թվականից իր ստեղծած աշխատանքները վաճառում է Վերնիսաժում։

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։ 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատվեց կալանքից, իսկ 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

Ցուցադրել ավելի
Back to top button